Wednesday, October 8, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Մանկապարտեզում քաղցր թեյի ու հացով ջեմի ժամանակաշրջանն ավարտվում է. ինչ է թույլատրվելու ու արգելվելու նոր չափորոշիչներով

«Ջեմ ու հաց են տալիս. շատ բողոքներ ենք ստացել, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին անհրաժեշտ կալորիաները լրացնելու համար օրինակ հենց այս տարբերակն են կիրառում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ անդրադառնալով այս հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվի ներդրմանն ու դրա հրատապությանը՝ որպես քայլ դեպի առողջ ապրելակերպի ամրապնդումը: 

ՀՀ-ում 7-9 տարեկան երեխաների շրջանում գերքաշության շոշափելի խնդիր կա: Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության հետազոտությամբ՝ այս տարիքային խմբում ավելցուկային քաշ ունեցողները կազմում են 27,7%,  ճարպակալում ունեցողները՝ 12,6%: Դեռահասների շրջանում արված հետազոտությամբ էլ՝ 11 տարեկանների շրջանում աղջիկների 17%-ը և տղաների 31%-ն ունեն ավելորդ քաշ և ճարպակալում: Ինչպես հուշում են ցուցանիշները, մինչև 18 տարեկանը ճարպակալման հակված են հատկապես տղաները: 

Երեխաների գերքաշության ցուցանիշներով Հայաստանի և եվրոպական տարածաշրջանի տվյալները նույնական են.«Ամբողջ աշխարհում այդ ահազանգը կա՝ ճարպակալումով և ավելցուկային քաշով երեխաների թիվը մեծանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության  մոտեցումն է, որ անհրաժեշտ է իրականացնել սննդի նորմատիվի փոփոխություններ հենց մանկական տարիքից, որի համար ամենահարմար միջավայրը նախադպրոցական ուսումնական հաստատություններ են: Մանկական տարիքից առողջ սնվելու սովորությունը ամրապնդվում է նաև հետագա կյանքում»,- ասաց Մարիամ Մնացականյանը: 

Այսպիսով՝ 2026-ի հունվարի 1-ից ըստ ԱՆ ներկայացուցչի, թե պետական, թե մասնավոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում արգելվում է ճաշացանկում ունենալ՝

կրեմային հրուշակեղեն, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, շոկոլադ, շոկոլադապատ արտադրանք, կարամել, պաղպաղակ,  աղանդեր՝ բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ,

կոֆեին պարունակող ըմպելիքներ`այդ թվում` թեյ, 

կնվազեցվի օգտագործվող աղի քանակը՝ միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ,

շաքարի միջին օրաբաժինը կնվազեցվի ավելի քան 2 անգամ, թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք, ներառյալ` հյութեր, կակաո և այլն, գազավորված ըմպելիքներն արգելված են եղել, նոր փոփոխությամբ ևս արգելված են:

Օրինակ բիսկիթ տալ թույլատրվում է, բայց միայն այն դեպքում, երբ պատրաստված է առանց հագեցած  ճարպերի, մարգարինի  և չի գերազանցում շաքարի նորման:  

Փոխարենը սննդակարգում կավելացվեն՝

թարմ մրգեր, չորամրգեր,  հատապտուղներ, բանջարեղեն, մշակաբույսեր,

ամբողջահատիկ պարունակող սնունդ՝ ամբողջահատիկ ցորենից հաց, մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն: 

«Անսահման ուրախ եմ ամբողջահատիկի, բանջարեղենի ու մրգի չափաբաժինների ավելացման ու շաքարի կրճատման համար: Շատ ծնողներ  իրենք էլ չարաշահում են քաղցրը՝ երկարաժամկետ վնասներ հասցնելով երեխայի առողջությանը, որոշ ծնողներ ուղղակի չեն գիտակցում, չունեն համապատասխան գիտելիքներ, թե ինչ է անհրաժեշտ երեխայի արագ զարգացող օրգանիզմին, դրա համար եմ կարևորում, որ գոնե պարտեզում երեխան ստանա սննդարար կերակուրներ, դատարկ կալորիա կուլ չտա»,- ասաց մանկապարտեզ հաճախող երեխաների մայրիկ, լրագրող Արմինե Հովհաննիսյանը:

Նրա համար  համար այս փոփոխությունը  ժամանակի հրամայական է.«Մանկապարտեզի սնունդը երբեմն սննդարար է, երբեմն՝ ոչ այնքան: Ջնարակապատ պանրիկը կարծում եմ՝ հեռու է սննդարար լինելուց, թեյն ու խանութի վաֆլին բացարձակ սննդարար չեն, ածխաջրերի անհամաչափ շատ լինելն անընդունելի է, բայց նաև գրեթե ամեն օր համեղ ապուրներ կան, բանջարեղեն, սպիտակուց: Չէի ուզի մյուս ծայրահեղության մեջ ընկնել, ու բացառապես վատն ընդգծել: Միևնույն ժամանակ  իմ երեխաների պարտեզում տնօրինությունը միշտ պատրաստ է եղել լսել ծնողին: Օրինակ` առաջարկել եմ սեզոնային հում բանջարեղեն ավելացնել ռացիոնում, նույն շաբաթ երեխաս պատմեց, որ այնտեղ գազար ու խնձոր են կերել»: Նա կարծում է նաև, որ միայն նորմատիվ փոխելով դրական տեղաշարժ դժվար թե լինի՝ անհրաժեշտ է կրթել հասարակությանը, սննդային առողջ սովորություններ պիտի տարածվեն:

Փոփոխությունները թեև խոսումնալից են, բայց մեր զրուցակիցն էլ համաձայն է՝ վերահսկողական խիստ մեխանիզմներ են պետք.«Նախարարությունը չունի վերահսկող ֆունկցիա, վերահսկողը Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն է: Փոփոխությունները սահմանել ենք 2026-ի հունվարի 1-ից, որպեսզի տնտեսվարողները ժամանակ ունենան պատրաստվելու համար,  յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է  համապատասխանեցի իր մենյուն՝ ըստ չափորոշչի»:  

x Close

Like Us On Facebook