Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մելանոմա. Մաշկաբանի անդրադարձը չարորակ նորագոյացությանը

Մելանոման գունակագոյացնող բջիջների (մելանոցիտներ) չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է վերջիններիս անվերահսկելի աճով:

Մաշկաբան Դավիթ Հարությունյանի խոսքով, մելանոման մաշկի չարորակ նորագոյացությունների մեջ կազմում է մինչև 5 %, սակայն մահացությամբ ամբողջ աշխարհում,  վերջիններիս մեջ առաջին տեղում է :

Վերջին 30 տարիներին, սպիտակամորթ պոպուլյացիայում, մելանոմայով հիվանդացությունը աճել է մոտ 2 անգամ և ներկայումս ԱՄՆ-ում չարորակ նորագոյացությունների մեջ 6-րդ տեղում է իր հանդիպման հաճախականությամբ: Ամենաբարձր հիվանդացությունն Ավստրալիայում (34,9 / 100 000) և Նոր Զելանդիայում է (35,84 / 100 000):

Մելոնոմայի ախտորոշման միջին տարիքը 63 տարեկանն է:

Մելանոմայի ախտածագման մեջ մեծ նշանակություն ունի ուլտրամանուշակագույն հավելուրդային ճառագայթումը, գերազանցապես, մանկական և երիտասարդ տարիքում:

Բժիշկն առանձնացրեց մելանոմայի զարգացման ռիսկի հիմնական գործոնները՝

խալերի փոփոխություն (գլխավոր նախազգուշացնող ախտանիշներից է ),

գունակային քսերոդերմա,

ատիպիկ, դիսպլաստիկ նևուս,

ընտանեկան ծանրացած անամնեզ,

100 –ից ավել հասարակ նևուսների առկայություն,

նախկինում ունեցած մելանոմա կամ այլ մաշկի չարորակ նորագոյացություններ ( բազալ և տափակ բջջային քաղցկեղ )։

Հիմնականում արական սեռի մոտ՝

50-ից բարձր տարիք,

բնական և արհեստական ուլտրամանուշակագույն հավելուրդային ճառագայթներ,

մեծ բնածին նևուս ( մոտ. 20 սմ տրամագծով ),

իմունիտետի դեֆիցիտ,

լուսազգայունության I և II լուսատեսակի մաշկ,

բնակություն լեռնային գոտրիներում:

Դավիթ Հարությունյանի խորհուրդները՝ մելանոմայի առաջացումը կանխարգելելու համար

Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և արհեստական լույսի աղբյուրներից։

Կիրառել լայն սպեկտրի արևապաշտպան միջոցներ ( ինչպես քսուքների, այնպես էլ հագուստի, ակնոցի տեսքով )։

Կատարել մաշկի ինքնազննում` հատկապես մեծ քանակությամբ խալերի առկայության և ընտանեկան ծանրաբեռնված անամնեզի դեպքում:

Խորհուրդ է տրվում ինքնուրույն զննել մաշկի գունակային գոյացությունները և որևէ փոփոխություն ( ասիմետրիա, սահմանների անկանոնություն, գույնի անհամաչափություն, տրամագծի փոփոխություն, տարրերի գույնի , ձևի և չափերի միասնական փոփոխություն) կամ նոր գոյացություն նկատելու պարագայում անպայման դիմել մաշկաբանի կամ ուռուցքաբանի։

Կատարել հարցում առաջին սերնդակցության հարազատների շրջանում, հատկապես, եթե անամնեզում ունեն ատիպիկ նևուսներ:

Մաշկաբանի խոսքով, ներկայումս ախտորոշման  ամենավստահելի մեթոդը  ախտահյուսվածաբանական մեթոդն է, որը համարվում է ինվազիվ:

Ոչ ինվազիվ հետազոտությունների մեջ ոսկե ստանդարտը դերմատոսկոպիայի մեթոդն է, որը հնարավորություն է տալիս ախտորոշել մաշկի մելանոման զարգացման ամենավաղ փուլում:

Ինչքան վաղ է ախտորոշվում մելանոման, բուժումն այնքան բարենպաստ ելք է խոստանում:

Երբ մելանոմայի բուժումը սկսվում է մինչև ավշային հանգույցներում մետաստազների առաջացումը, ապա 5 և ավելի տարվա վերապրելիության հավանականությունը հասնում է 94-97 %-ի, ավշահանգույցներում մետաստազների դեպքում նվազում է մինչև 38-78 %, իսկ ներքին օրգանների մետաստազավորումից հետո չի գերազանցում 20 %-ը:

https://www.aysor.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook