Saturday, April 27, 2024
DiseasesNews

Որքանո՞վ են վտանգավոր ճարպագնդերը, ինչպե՞ս են բուժվում դրանք

«Լիպոման կամ ճարպագնդերը բարորակ բնույթի ճարպային նորագոյացություն է, սակայն առաջացման հավաստի պատճառներ չկան, միայն վարկածներ են, որոնցից են հորմոնալ դիսբալանսը, գերճարպակալումը, վահանաձև գեղձի և հարվահանաձև գեղձի հիվանդությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի ուռուցքաբան Համլետ Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ բազմակի լիպոմաների առաջացման հիմքում գենետիկ նախատրամադրվածությունն է: Կան վարկածներ, որ լիպոմաներ կարող են առաջանալ հետվնասվածքային հատվածներում: Իսկ բազմակի լիպոմաներն ի հայտ են գալիս վաղ մանկական հասակից, մարմնի տարբեր հատվածներում նկատվում են տարբեր չափսերի բազմակի գոյացություններ, իսկ եզակի լիպոմաները հիմնականում առաջանում են միջին և բարձր տարիքում:

«Լիպոմաները հազվադեպ կարող են չարորականալ, հիմնականում կրում են բարորակ բնույթ, բնորոշ է դանդաղ աճը: Գանգատներ, որպես այդպիսին, չեն ունենում, միայն ենթամաշկի տակ առաջանալու դեպքում, չափսերից ելնելով, կարող են նկատել գոյացությունը: Եթե լիպոման խոռոչավոր օրգաններում է, կապված նյարդաօրգանային խրձի ճնշման հետ, կառաջանան սպեցիֆիկ գանգատներ: Մոտ 2-3 տոկոս դեպքերում մեծ չափի լիպոմաները կարող են փոխել իրենց բնույթը, չարորականալ՝ դառնալով լիպոսարկոմա:

10 և ավելի սմ լիպոմաները, անկախ տեղակայումից, արդեն իսկ չարորակացման մեծ վտանգ են պարունակում: Լիպոմաները լինում են նաև սեփական պատյանով և առանց դրա: Առանց պատյանի լիպոմաները չարորակացման ավելի բարձր ռիսկ ունեն»,- մանրամասնեց Համլետ Մանուկյանը՝ ընդգծելով, որ լիպոմաներ երբեք չեն առաջանում ներբանային և ափային մակերեսներին, որովհետև ճարպային շերտը բացակայում է:

Մեր հարցին՝ արդյո՞ք ճարպագնդերի առաջացման հիմնական պատճառը ճարպային հյուսվածքում նյութափոխանակության խանգարումն է, ուռուցքաբանը պատասխանեց. «Հիմնական պատճառը չէ, բայց վարկածների մեջ կա: Քննարկվում է նաև սթրեսային գործոնը»:

Խոսելով բուժման եղանակների մասին՝ Համլետ Մանուկյանն ասաց, որ հիմնականում կատարվում է վիրահատություն, իսկ ոչ ավանդական մեթոդները կարող են հանգեցնել ուռուցքի աճին, չարորակացման ռիսկի բարձրացման:

Լիպոսակցիայի դեպքում հիվանդության կրկնվելու հավանականությունը մեծ է:

Հարցին՝ կա տեսակետ, որ մեծ ուռուցքների դեպքում դիմում են ուռուցքաբանի, իսկ փոքրերի դեպքում՝ մաշկաբանի կամ կոսմետոլոգի, որքանո՞վ է դա ճիշտ, ուռուցքաբանը պատասխանեց.

«Ճիշտն այն է, որ նեղ մասնագետները պետք է զբաղվեն իրենց մասնագիտական գործունեությամբ: Ճիշտ է, որ լիպոման հեռացնի ուռուցքաբանը: Կոսմետոլոգիական կենտրոններում գոյացությունները հեռացնում են և չեն ուղարկում հյուսվածքաբանական քննության: Դա վտանգավոր է»:

Նյութը՝ 168․ամ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook