Sunday, April 28, 2024
Նորություններ

Նախանշվում են համագործակցության զարգացմանը միտված ծրագրեր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության խորհրդի ղեկավար, գործադիր տնօրեն Մոհամմադ Օջատթանահին։

«Մենք հետաքրքրված ենք Իրանի Իսլամական Հանրապետության  հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու գործում»,-ասել է Լևոն Ալթունյանը` նշելով, որ Հայաստանը հարևան երկրի համար կարող է հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկների շուկա դուրս գալու համար։

Մոհամմադ Օջատթանահը նշել է, որ իր երկրի նախագահը նույնպես Հայաստանը համարում է աշխարհի հետ հաղորդակցվելու մի դարպաս, և պատահական չէ, որ «Վարան Փարթո Դարման» ընկերությունը մշտապես ցանկացել է խորացնել համագործակցությունն  առողջապահության ոլորտում։

Նա նախարարին հակիրճ ներկայացրել է Իրանի առողջապահական համակարգը` ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում դեղարտադրության ոլորտում։ Մոհամմադ Օջատթանահը նախանշել է  գործընկերության այլ ուղղություններ ևս։

Իրանցի գործարարը նաև առաջարկել է  համատեղ սկրինինգային ծրագրեր իրականացնել Հայաստանում առավել տարածված ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Մոհամմադ Օջատթանահին ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ 2017թ. ապրիլից պետությունը կապահովագրի երկրի անապահով բնակչության առողջությունը։

«Ծրագրի հաջող ընթացքը թույլ կտա 2019-ից սկսել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու գործընթացը։ Դա լիարժեք պայմաններ կապահովի երկրում պատշաճ բժշկական օգնություն կազմակերպելու համար»,-ասել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայմանն ու զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս։ Քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook