Thursday, April 9, 2026
Մանկան ԱնկյունՆորություններ

Նախքան կյանքը. ծնողների ընտրությունների ազդեցությունը ապագա սերնդի վրա

Նոր կյանքի ծագումը սոսկ երկու բջիջների միաձուլման ակնթարթ չէ, այլ բարդ կենսաբանական գործընթացների ամբողջություն, որոնք սկսվում են դեռևս բեղմնավորումից շատ առաջ։ Տարիներ շարունակ բժշկությունն ու հասարակությունը հիմնական ուշադրությունը դարձրել են մոր առողջությանը, սակայն ժամանակակից գիտական տվյալները էականորեն փոխել են այս ընկալումը։

Այսօր գիտությունն ավելի ու ավելի համոզիչ կերպով փաստում է, որ ապագա երեխայի առողջության համար պատասխանատվությունը հավասարապես կրում են երկու ծնողները։
🫶Սա արտացոլվում է ինչպես Developmental Origins of Health and Disease, այնպես էլ Paternal Origins of Health and Disease գիտական հայեցակարգերում, որոնք համապատասխանաբար ընդգծում են մոր և հոր ներդրումը սերնդի առողջության ձևավորման գործում։ Առանձնահատուկ կարևորություն է ստանում նախաբեղմնավորման փուլը՝ բեղմնավորումից առնվազն 100 օր առաջ ընկած ժամանակահատվածը, որը կարելի է դիտարկել որպես յուրահատուկ «հնարավորությունների պատուհան», երբ դեռ հնարավոր է էապես ազդել ապագա երեխայի առողջության վրա։

🌏Սակայն իրական վիճակը հեռու է իդեալականից։ Աշխարհում հղիությունների ավելի քան 40%-ը չպլանավորված է, և նույնիսկ զարգացած երկրներում բժշկական անձնակազմի կեսից պակասն է կիրառում նախաբեղմնավորման խորհրդատվության պրակտիկան։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց միայն 47%-ն է այցելում ատամնաբույժին բեղմնավորումից առաջ, չնայած բերանի խոռոչի առողջության ազդեցությանը հղիության ելքերի վրա։ Այս փաստերը վկայում են այն մասին, որ անտեսվում է այն փուլը, որը փաստացի սահմանում է նոր կյանքի զարգացման մեկնարկային պայմանները։

Փոփոխման ենթակա կարևորագույն գործոններից մեկը սննդակարգն է։ Չնայած առկա տեղեկատվությանը և բժշկական ցուցումներին՝ հղիություն պլանավորող կանանց ավելի քան 90%-ի մոտ արձանագրվում է կենսական նշանակություն ունեցող միկրոտարրերի անբավարարություն։
🧬Սա ունի անմիջական հետևանքներ․ աշխարհում ամեն օր շուրջ 3000 երեխա է ծնվում նյարդային խողովակի արատներով, մինչդեռ հղիությունից առաջ և ընթացքում օրական 400 մկգ ֆոլաթթվի ընդունումը կարող է նվազեցնել այդ ռիսկը 72%-ով։ Այնուամենայնիվ, 18–24 տարեկան կանանց միայն 30%-ն է ընդունում ֆոլաթթու, և ընդամենը 6%-ն է տեղյակ դրա ընդունման ճիշտ ժամկետների վերաբերյալ։

✍️Պտղի նորմալ զարգացման համար կարևոր նշանակություն ունեն նաև երկաթի և վիտամին D-ի մակարդակները, որոնց անբավարարությունը լայն տարածում ունի։ Այս գործոնները հաճախ զուգակցվում են վնասակար սովորությունների հետ։ Օրինակ՝ օրական 300 մգ-ից ավելի կոֆեինի օգտագործումը բարձրացնում է հղիության ընդհատման ռիսկը 31%-ով, մոր ծխելը գրեթե եռապատկում է սրտի բնածին արատների առաջացման հավանականությունը, իսկ բեղմնավորումից առաջ ալկոհոլի օգտագործումը մեծացնում է վիժման ռիսկը շուրջ 30%-ով։

x Close

Like Us On Facebook