Monday, December 8, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Ջրծաղիկն ունի սեզոնայնություն, ակտիվանում է հատկապես ձմռան և գարնան ամիսներին

Ջրծաղիկը սուր վիրուսային վարակ է: Վիրուսը փոխանցվում է անմիջական շփման միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով: Ջրծաղիկն ունի սեզոնայնություն, ակտիվանում է հատկապես ձմռան և գարնան ամիսներին: Ջրծաղիկին բնորոշ է նաև պարբերականությունը՝ միջպարբերական ժամանակահատվածը 2-5 տարի է: 2024-2025թթ. ջրծաղիկի պարբերական բարձրացումների ժամանակահատվածն է:

📌 Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 10-21 օր: Ջրծաղիկով հիվանդները վարակիչ են գաղտնի շրջանի վերջին 2 օրից, մինչև բոլոր ցանային էլեմենտների կեղևակալումը: Նախանշաններն են՝ ընդհանուր թուլություն, անհանգստություն, ախորժակի անկում, գլխացավ, ջերմության բարձրացում, ցանավորում: Ցանը հիմնականում ի հայտ է գալիս գլխի մազածածկ մասում, դեմքին, իրանին, վերջույթներին: Ցանը նկատվում է նաև աչքերի շաղկապենու, բերանի և ըմպանի, երբեմն կոկորդի և սեռական օրգանների լորձաթաղանթների շրջանում:

🔻 Ծանր բարդություններն են՝ էնցեֆալիտ, վիրուսային թոքաբորբ, միոկարդիտ, հեպատիտ, հեմոռագիկ բարդություններ, բակտերիալ թոքաբորբ, ցելյուլիտ, ֆլեգմոնա, մեռուկային ֆասցիիտ:

🔻 Երեխաների մոտ ամենատարածված բարդությունները երկրորդային բակտերիալ վարակներն են, իսկ մեծահասակների մոտ՝ վիրուսային թոքաբորբն է:

‼ Ջրծաղիկի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումներն են:

ℹ️ Ջրծաղիկի դեմ պատվաստումները նախատեսված են 2023 թվականից հետո ծնված 12 ամսական, իսկ 2027 թվականից նաև՝ 4-6 տարեկան երեխաների համար: 2025 թվականի հունվարի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով, 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ: 2025 թվականի մարտի 3-ի դրությամբ իրականացվել է 2092 դեղաչափ պատվաստում:

x Close

Like Us On Facebook