Wednesday, October 8, 2025
Նորություններ

Սննդի ընդունման խուսափողական կամ սահմանափակող խանգարում

Մանկաբույժները գրեթե ամեն օր են առնչվում սննդի ընդունման խուսափողական կամ սահմանափակող խանգարման հետ: Այն բավականին տարածված է երեխաների շրջանում և կարող է այլ ախտորոշման ազդանշան լինել ու լուրջ հետևանքներ թողնել:

❓ Ե՞րբ պետք է ծնողը հասկանա, որ երեխայի մոտ առկա է սննդի ընդունման խուսափողական կամ սահմանափակող խանգարում, ինչո՞վ է արտահայտվում այն:

Որոշ երեխաներ շատ ընտրողաբար են սնվում, կարող են ուտել միայն իրենց նախընտրած սննդի սահմանափակ տեսականին։ Որոշներն էլ կարող են բացասական վերաբերմունք ունենալ կոնկրետ սննդատեսակների հոտերի, համերի նկատմամբ: Որոշ երեխաներ վախենում են նոր սննդից։ Այս երեխաները հաճախ ունենում են շատ վատ ախորժակ, նրանց մոտ բացակայում է քաղցի զգացումը և չեն ունենում ուտելու հանդեպ հետաքրքրություն:

Սննդի ընդունման խուսափողական կամ սահմանափակող խանգարումը երբեմն զուգակցվում կամ արդյունք է տարբեր հոգեբանական խնդիրների։

🗓️ Ե՞րբ է այս խանգարումն ի հայտ գալիս:

Այն սովորաբար սկսվում է նախադպրոցական տարիքում, թեև կարող է զարգանալ ավելի ուշ:

🧠 Ինչու՞ է զարգանում այն:

Պատճառներից են տանը սննդի ընդունման սովորույթները, երեխայի բնավորության կամ հոգեբանական առանձնահատկությունները, որոշ սուր կամ քրոնիկ հիվանդությունները։

⚠️ Որո՞նք են առողջության վրա սննդի ընդունման խուսափողական կամ սահմանափակող խանգարման հետևանքները:

Երեխան կարող է չստանալ բավարար քանակությամբ սպիտակուց, ածխաջուր, հանքանյութեր, վիտամիններ, ինչն էլ անդրադառնում է աճի, դիմադրողականության, տարբեր օրգանների աշխատանքի վրա։

👨‍👩‍👧‍👦Ի՞նչ պետք է անի ծնողը:

Առաջին հերթին ծնողը, ինչպես նաև երեխայի ավագ քույր-եղբայրները պետք է օրինակ ծառայեն։ Ցանկալի է, որ ընտանիքի անդամները հնարավորինս հաճախ ուտեն միասին` սննդի ընդունման ժամանակ պահպանելով բարյացակամ ու ջերմ մթնոլորտ։ Ի սկզբանե տանը պետք է պատրաստվի բազմազան սնունդ և գեղեցիկ մատուցվի այն, պետք է խրախուսել երեխային ընդունել նոր սննդատեսակներ, ինչպես նաև խրախուսել դրական տեղաշարժերը։ Կարևոր է չընդունել զուտ մեղադրական կեցվածք երեխայի վարքագծի կապակցությամբ, այդ թվում` օգտագործել սնունդը որպես պատժի կամ խրախուսանքի միջոց։ Կարևոր է նաև, որ ընտանիքի անդամներն այս խնդրի հանդեպ դրսևորեն նույնանման մոտեցում։ Եթե երեխան տվյալ պահին հրաժարվում է որևէ սննդատեսակից, չի կարելի ստիպողաբար կերակրել նրան, այլ պետք է առաջարկել կրկին որոշ ժամանակ անց։

Եթե դուք տեսնում եք նման փոփոխություններ, կարող եք խորհրդակցել Ձեր մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի հետ։

ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով

Սերգեյ Սարգսյան

x Close

Like Us On Facebook