Վիտամին D-ի դեֆիցիտը և երիկամային հիվանդությունները
Գիտական դիտարկում՝ նեֆրոլոգի և կլինիկական դեղագետի համահեղինակությամբ
Վիտամին D-ը (Vitamin D, 25-hydroxyvitamin D – 25(OH)D) հանդիսանում է ոչ միայն ոսկրային նյութափոխանակության հիմնական կարգավորիչ, այլև կարևոր հորմոնալ մոդուլատոր, որն ունի էական ազդեցություն երիկամների, պարաթիրեոիդ համակարգի, իմունային պատասխանների և սրտանոթային ռիսկի վրա։
Երիկամները կենսական դեր ունեն վիտամին D-ի ակտիվացման մեջ՝ 25(OH)D-ի վերածումը կենսաբանորեն ակտիվ 1,25-dihydroxyvitamin D (calcitriol)-ի։ Ուստի երիկամային ֆունկցիայի խանգարումը անխուսափելիորեն ազդում է վիտամին D-ի հոմեոստազի վրա։
Վիտամին D-ի դեֆիցիտը երիկամների քրոնիկ հիվանդության (CKD) դեպքում.
Համաձայն բազմակենտրոն դիտարկումների՝ ԵՔՀ (CKD) ունեցող պացիենտների մեծամասնության մոտ արձանագրվում է վիտամին D-ի անբավարարություն կամ դեֆիցիտ, որն ասոցացվում է՝
երկրորդային հիպերպարաթիրեոզի (secondary hyperparathyroidism) զարգացման,
ոսկրային հանքայնացման խանգարումների (CKD-MBD),
մկանային թուլության, ընկնելու եւ վնասվածքների ռիսկի բարձրացման,
բորբոքային ակտիվության և օքսիդատիվ սթրեսի աճի հետ։
Կլինիկական դեղագիտական տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ վիտամին D-ի դեֆիցիտը (CKD)ԵՔՀ-ում ոչ միայն լաբորատոր ցուցանիշ է, այլ նաև երկարաժամկետ կանխատեսման վրա ազդող գործոն։
Միջազգային մասնագիտական ուղեցույցների համադրական մոտեցում
ԱՄՆ (Endocrine Society, National Kidney Foundation)
Առաջարկվում է CKD-ով և բարձր ռիսկային խմբերի պացիենտների մոտ պարտադիր գնահատել 25(OH)D մակարդակը։
Դեֆիցիտի դեպքում նախընտրելի է սկզբում օգտագործել սննդային/դեղորայքային վիտամին D (cholecalciferol կամ ergocalciferol), իսկ ԵՔՀ ավելի ուշ փուլերում՝ ըստ ցուցման, ակտիվ ձևերը։
Նպատակային շեմը հաճախ դիտարկվում է ≥30 ng/mL (≥75 nmol/L)։
Եվրոպա (ERA / KDIGO եվրոպական մեկնաբանություններ)
Խորհուրդ է տրվում վիտամին D-ի դեֆիցիտի շտկումը ԵՔՀ-ի բոլոր փուլերում՝ հատկապես մինչև դիալիզային փուլը։
Ընդգծվում է անվտանգության կարևորությունը և հիպերկալցեմիայի կանխարգելումը։
Ավստրալիա (Australian CKD-MBD guidelines)
Առաջարկվում է անհատականացված մոտեցում՝ հաշվի առնելով CKD փուլը, արևային ազդեցությունը և սննդակարգը։
Նախընտրելի է պահպանել բավարար մակարդակ՝ խուսափելով բարձր դոզաների երկարատև չվերահսկվող օգտագործումից։
Ճապոնիա (Japanese Society of Nephrology)
Ճապոնական ուղեցույցները շեշտում են վիտամին D-ի չափավորումը և ակտիվ ձևերի կիրառումը ավելի ուշ CKD փուլերում։
Հատուկ ուշադրություն է դարձվում պարաթիրեոիդ հորմոնի վերահսկմանը և ոսկրային բարդությունների կանխարգելմանը։
Կլինիկական դեղագիտական կարևոր դիտարկումներ.
Վիտամին D-ի ձևի ընտրությունը (nutritional vs active) պետք է հիմնված լինի ըստ CKD փուլի, PTH մակարդակին և կալցիում-ֆոսֆոր հոմեոստազին։
Չափազանց բարձր դոզաները կարող են հանգեցնել հիպերկալցեմիայի, նեֆրոկալցինոզի և դեղորայքային բարդությունների։
Բուժումը պետք է իրականացվի բժշկի և դեղագետի համատեղ վերահսկմամբ։
Եզրակացություն
Վիտամին D-ի դեֆիցիտը հանդիսանում է երիկամների քրոնիկ հիվանդության (ԵՔՀ) կարևոր և կառավարելի ռիսկային գործոն։
Նեֆրոլոգիական և կլինիկական դեղագիտական միջազգային կոնսենսուսը հստակ է․
դեֆիցիտը պետք է ժամանակին հայտնաբերվի,
շտկումը պետք է լինի գիտահեն և անվտանգ,
բուժումը պետք է իրականացվի բազմամասնագիտական մոտեցմամբ՝ ուղղված ոչ միայն լաբորատոր ցուցանիշների, այլև պացիենտի վիճակի բարելավմանը։

