Wednesday, May 1, 2024
Նորություններ

Տարեկան արձանագրվում է 12,2 միլիոն ինսուլտի նոր դեպք, որը հանգեցնում է առողջ կյանքի 143 միլիոն տարի կորստի

Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, այդ թվում նաև գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածները մահվան առաջատար պատճառներից են ամբողջ աշխարհում
Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների մեծ մասը կարելի է կանխել՝ վերացնելով վարքային ռիսկի գործոնները, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և ավելորդ քաշը, ֆիզիկական անգործությունը և ալկոհոլի չարաշահումը: Կարևոր է հնարավորինս շուտ հայտնաբերել սրտանոթային հիվանդությունները, որպեսզի բուժումը սկսվի խորհրդատվությամբ և դեղորայքով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գլխուղեղի կաթվածը հանդիսանում է մեծահասակների մոտ ձեռք բերված ֆիզիկական հաշմանդամության հիմնական պատճառ, ինչպես նաև մահացության երկրորդ հիմնական պատճառը՝ միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` տարեկան արձանագրվում է 12,2 միլիոն ինսուլտի նոր դեպք, որը հանգեցնում է առողջ կյանքի 143 միլիոն տարի կորստի:
Կաթվածի ամենատարածված ախտանիշներից են դեմքի, ձեռքի կամ ոտքի հանկարծակի թուլությունը, առավել հաճախ՝ մարմնի մի կողմում: Այս ախտանիշները հաճախ սկսվում են անսպասելի և ներառում են դեմքի, ձեռքի կամ ոտքի թմրություն, հատկապես՝ մարմնի մի կողմում, շփոթություն, խոսելու կամ խոսքը արտաբերելու դժվարություն, մեկ կամ երկու աչքով տեսնելու դժվարություն, քայլելու դժվարություն, գլխապտույտ և/կամ հավասարակշռության կորուստ, ուժեղ գլխացավ՝ առանց հայտնի պատճառի, ուշագնացություն կամ գիտակցության կորուստ: Մարդիկ, որոնք զգում են այս ախտանիշները, պետք է անհապաղ դիմեն բժշկական օգնության:
Սուր կաթվածի հիվանդացության և մահացության ցուցանիշներն ավելի բարձր են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնք կազմում են մահացության ընդհանուր բեռի 75% – ը:
Ոչ բավարար ռեսուրսների պայմաններում ի հայտ են գալիս ինսուլտի համապատասխան խնամքի և ծառայությունների հասանելիության բազմաթիվ խոչընդոտներ, ինչպիսիք են ինսուլտի նշանների վերաբերյալ անբավարար տեղեկացվածությունը, պետական ֆինանսավորման բացակայությունը, ուղեղի սքրինինգի հնարավորության, ինսուլտի բաժանմունքների և վերականգնողական ծառայությունների բացակայությունը կամ ցածր հասանելիությունը, առողջության ապահովագրության բացակայությունը կամ մասնագետների անբավարար վերապատրաստումը:
Հայաստանում գլխուղեղի իշեմիկ կաթվածների կառավարման ազգային ծրագիրը ներդրվել է 2019 թվականին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Էրեբունի» ԲԿ-ի, Սփյուռքի մասնագետների և ՀՀ ԱՆ արդյունավետ համագործակցության շնորհիվ։
Ծրագիրն ի սկզբանե ներդրվել է մայրաքաղաքի 2 բուժհաստատությունում՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ծրագրի հետագա հաջողված ընթացքի արդյունքում ընդլայնվել է իշեմիկ ինսուլտների բուժման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների շրջանակը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
✍️Ծրագրի արդյունավետության անուղղակի գնահատականն է 2019-2021թթ. գրանցված ցուցանիշը, համաձայն որի՝ մահացությունն ուղեղի անոթային հիվանդություններից գրեթե 9%-ով նվազել է՝ ծրագրի ներդրմանը նախորդող տարիների համեմատ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook