Քաշի նվազեցման դժվարությունների դեպքում անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ
Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանը խոսել է քաշի նվազեցման դժվարությունների դեպքում անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից:
Մասնագետի խոսքով՝ նիհարելու գործընթացի ձախողումը միշտ չէ, որ պայմանավորված է միայն սննդակարգի կամ ֆիզիկական ակտիվության բացակայությամբ։ Հաճախ պատճառը թաքնված է օրգանիզմի ներքին փոփոխություններում, որոնք հնարավոր է բացահայտել լաբորատոր հետազոտությունների միջոցով։
Ընդհանուր արյան անալիզ (CBC)
Գնահատում է հեմոգլոբինի, լեյկոցիտների և թրոմբոցիտների մակարդակները, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը։ Անեմիան կամ քրոնիկ բորբոքումը կարող են ազդել նյութափոխանակության և էներգետիկ հավասարակշռության վրա։
Վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատում (TSH, Free T4, Free T3)
Հիպոթիրեոզը նյութափոխանակության դանդաղեցման ամենատարածված հորմոնալ պատճառներից է։ Վահանագեղձի ճիշտ աշխատանքը կարևոր է ճարպերի և ածխաջրերի մետաբոլիզմի համար։
Արյան գլյուկոզ, ինսուլին և HbA1
Այս հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել շաքարային դիաբետի կամ ինսուլինային ռեզիստենտականության առկայությունը, որոնք կարող են խանգարել ճարպերի այրմանը և նպաստել քաշի աճին։
Լիպիդային պրոֆիլ
Ընդգրկում է ընդհանուր խոլեստերին, ԲԽԼ, ՑԽԼ և եռգլիցերիդներ։ Ճարպային փոխանակության խանգարումները հաճախ ուղեկցում են քաշի ավելցուկին և դժվարացնում նիհարելու գործընթացը։
Լյարդի և երիկամների ֆունկցիոն թեստեր (ALT, AST, Creatinine, Urea)
Լյարդի ֆունկցիայի խանգարումները կարող են դանդաղեցնել ճարպերի մետաբոլիզմը, իսկ երիկամների խնդիրներն առաջացնել հեղուկի պահպանում։
Կորտիզոլ (առավոտյան)
Բարձր կորտիզոլի մակարդակը քրոնիկ սթրեսի կամ հորմոնալ անհավասարակշռության ցուցանիշ է։ Սթրեսի հորմոնները նպաստում են ճարպի կուտակմանը, հատկապես որովայնի շրջանում։
Սեռական հորմոնների ուսումնասիրություն
Կանանց համար՝ էստրադիոլ, պրոգեստերոն, տեստոստերոն, պրոլակտին։ Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է առաջացնել ճարպային հյուսվածքի ավելացում և հեղուկի պահպանում։
Տղամարդկանց համար՝ ընդհանուր և ազատ տեստոստերոն, LH (լյուտեինացնող հորմոն), FSH (ֆոլիկուլ-խթանիչ հորմոն), պրոլակտին, էստրադիոլ։ Տեստոստերոնի ցածր մակարդակը կամ LH/FSH-ի խանգարումները կարող են դանդաղեցնել մկանային զանգվածի աճը և նպաստել ճարպի կուտակմանը։
Գայանե Պետրոսյանը շեշտում է առողջ ապրելակերպի կարևորությունը՝ հորդորելով պահպանել առողջությունը՝ վարելով ճիշտ կենսակերպ, իսկ քաշի նվազեցման անհաջող փորձերի դեպքում խորհուրդ է տալիս անցնել նշված լաբորատոր հետազոտությունները բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Ճիշտ ախտորոշումը թույլ կտա մշակել անհատականացված բուժման և սննդակարգի պլան, որը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև երկարաժամկետ և կայուն արդյունք ապահովող։