2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը․ փոխնախարար
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից սահմանել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նախատեսված են Կառավարության ծրագրով և ուղղված են մեկանգամյա պլաստիկ արտադրանքի օգտագործման աստիճանական կրճատմանը և արգելմանը։ Նախագիծը համահունչ է նաև պլաստիկ արտադրանքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման վերաբերյալ Եվրամիության դիրեկտիվներին։
«Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։
Բացառություններ են նախատեսված կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և կափարիչով պլաստիկ տարաների համար, ինչպես նաև երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի դեպքում։
Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար նախատեսվում է 100 հազարից 150 հազար դրամ տուգանք
Վերահսկողությունը կվերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համատեղ ձևաչափով։ Նախատեսված է նաև դիտարկման եղանակով վերահսկողություն»,- ասաց Մկրտչյանը։
Փոխնախարարի խոսքով՝ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական նշանակություն ունի։
«COP-17-ի նախաշեմին Հայաստանը պետք է ներկայանա որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն»,-նշեց Մկրտչյանը։

