Friday, May 3, 2024
Նորություններ

Կորոնավիրուսի նոր տեսակ՝ Covid XBB.1.5. ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

ԱՄՆ-ում արագ տարածվում է Covid-ի նոր ենթատեսակ, որն արդեն հասցրել է բավական մեծ աղմուկ առաջացնել։ Մի քանի դեպքեր արդեն գրանցվել են նաեւ Մեծ Բրիտանիայում։ Թե ինչ է XBB.1.5-ը՝ գրել է BBC-ն։

Ի՞նչ է XBB.1.5-ը

Սա այժմ աշխարհում գերիշխող օմիկրոն տեսակի, որը հայտնվել է 2021թ. վերջին՝ դուրս մղելով վիրուսի ավելի վաղ մուտացիաները՝ ալֆան, բետան եւ դելտան, եւս մեկ տարատեսակն է։ Այն առաջ է բերել բազմաթիվ ենթատեսակներ, որոնք ավելի վարակիչ են, քան բնօրինակը։

XBB.1.5-ով վարակված մարդկանց մեծ մասի ախտանշանները հիշեցնում են սովորական մրսածությունը։

Արդյո՞ք XBB.1.5-ը ավելի վարակիչ է կամ վտանգավոր, քան ավելի վաղ տեսակները

Ինքը՝ XBB.1.5-ը, առաջացել է XBB-ից, որն սկսել է շրջանառել Մեծ Բրիտանիայում 2022թ. սեպտեմբերին, բայց առողջապահության մարմինները բավականաչափ պատճառներ չեն գտել այն «անհանգստացնող» որակելու համար։

XBB-ն մուտացիա ուներ, որն օգնում էր նրան «կոտրել» օրգանիզմի իմունային պաշտպանությունը, բայց նույն մուտացիան նվազեցնում էր մարդու բջիջներ վիրուսի թափանցելու ունակությունը։

Բայց XBB.1.5-ն ունի մուտացիա, որը գենետիկներին հայտնի է որպես F486P, որը վերականգնում է բջիջներ թափանցելու վիրուսի ունակությունը՝ միաժամանակ չկորցնելով մեր իմունիտետից «խույս տալու» ունակությունը։ Դա հեշտացնում է վիրուսի տարածումը։

Վիրուսի գենոմի այդ փոփոխությունները կարելի է համեմատել էվոլյուցիոն սանդղակի աստիճանների հետ. վիրուսը, զարգանալով, գտնում է տիրոջ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները շրջանցելու միջոցներ։

Քեմբրիջի Սենգերի ինստիտուտի գենետիկների կարծիքով՝ XBB.1.5-ն ամենայն հավանականությամբ ի հայտ է եկել պացիենտներից ինչ-որ մեկի՝ օմիկրոնի միանգամից երկու տարբեր տեսակներով վարակման հետեւանքով, ընդ որում՝ գենոմի մի մասը ձուլվել է մյուսի մի մասի հետ, եւ հետո վիրուսն սկսել է տարածվել արդեն այդ տեսքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է, որ XBB.1.5 տեսակը աճի եւ տարածման առումով ավելի մեծ հեռանկարներ ունի, քան մյուս վիրուսային տարբերակները, որոնք մինչ այժմ հայտնի են գիտնականներին։

Միեւնույն ժամանակ, ԱՀԿ-ն ընդգծել է, որ չկա որեւէ հիմք այս ենթատեսակն ավելի լուրջ կամ վնասակար համարելու համար, քան սովորական օմիկրոնն է։

Որտե՞ղ է տարածվում XBB.1.5-ը

Փորձագետների գնահատականներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելի քան 40 տոկոսը կապված է հենց XBB.1.5-ի հետ, ինչն այն գերակշռող է դարձնում երկրում։

Վերջին շաբաթներին հոսպիտալացումների թիվը ԱՄՆ-ում, Covid-19-ի հետ կապված, սկսել է աճել, եւ երկրի իշխանությունները նորից անվճար ստուգումներ են սկսել։

Անհանգստանո՞ւմ են արդյոք գիտնականները XBB.1.5-ի առնչությամբ

Անհանգստացնում է անորոշությունը, թե ինչ ազդեցություն է ունենում XBB.1.5-ը ռիսկի տարբեր խմբերի՝ այդ թվում թույլ իմունիտետ ունեցող մարդկանց վրա, որոնց պատվաստումներն ավելի քիչ են օգնում։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook