165 դիտում
Մեջքի ու ողնաշարի հետ կապված խնդիրները շատ տարածված են և խիստ բացասաբար են ազդում մարդու կյանքի որակի վրա: Ընդ որում՝ բժիշկները նշում են, որ մեծ մասամբ դրանք պայմանավորված են լինում մարդու կենսակերպով ու սովորություններով, ուստի խնդիրներից կարելի է հեշտությամբ ազատվել՝ պարզապես դրանց առաջացմանը նպաստող ռիսկային գործոններից խուսափելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 կանոն, որոնց հետևելը կօգնի խուսափել մեջքի ցավերից ու լուրջ վնասվածքներից: 1. Ծանր իրեր չբարձրացնել. հարկ է հիշել, որ մարմնի ամբողջ ծանրությունը պահում է հենց ողնաշարը, ուստի ցանկացած ծանր իր կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ: Հատկապես ուշադիր պետք է լինեն կանայք, քանի որ կանանց ողնաշարը շատ ավելի թույլ է, քան տղամարդկանց ողնաշարը, ինչի հետևանքով ավելի հեշտ է վնասվում: 2. Հետևել կեցվածքին. կեցվածքին հետևելը շատ կարևոր է, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և մեջքը միշտ ուղիղ պահել: Ճիշտ կեցվածքը կօգնի հավասար բաշխել ծանրաբեռնվածությունը և կանխել ողնաշարի վնասվածքները: 3. Հետևել քաշին. ճարպակալումն ու ավելորդ քաշը հավելյալ ծանրաբեռնվածություն են ողնաշարի համար, որն առանց այդ էլ մշտապես խիստ ծանրաբեռնված է: Հարկ է հիշել, որ ավելորդ քաշը կարող է շատ վտանգավոր լինել՝ դառնալով ողնաշարային սկավառակների դեֆորմացիայի պատճառ: 4. Օգտագործել կալցիումով հարուստ մթերք. այս տարրն անչափ կարևոր է ոսկորների առողջության պահպանման համար, ուստի հարկավոր է անպայման հարստացնել սննդակարգը կալցիում պարունակող մթերքով (օրինակ՝ կաթնաշոռ, պանիր, կաթ և այլն): 5. Կրել միայն հարմարավետ կոշիկ. բարձրակրունկ կոշիկները, նեղ ու անհարմար կոշիկները, ինչպես նաև չափազանց ցածրակրունկ կոշիկները խիստ վնասակար են ողնաշարի ու ոտնաթաթերի համար և նպաստում են մի շարք խնդիրների առաջացմանը, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել նման կոշիկներից կամ կրել դրանք շատ կարճ ժամանակահատված: 6. Մարզել մկանները. ամուր ու մարզված մկանային համակարգն օգնում է նվազեցնել ողնաշարի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը՝ պաշտպանելով այն վնասվածքներից: Մասնագետները նշում են, որ ձիգ ու մարզված մկանները մեջքի ցավերից խուսափելու լավագույն միջոցներից մեկն են, ուստի հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել մկանների մարզմանը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am