Ինչու են ուշ ամուսնություններն ավելի ամուր և երջանիկ
Այս մասին հաղորդում է tert.am-ը: Բոլոր մարդիկ սեր են փնտրում, սակայն, ցավոք, երբեմն հարաբերություններն ավարտվում են բաժանությամբ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ հաճախ հասարակության կարծրատիպերի ճնշումն ուժեղանում է իրական ցանկություններից, և մարդիկ շտապում են ընտանիք ստեղծել ոչ թե հանուն ընտանիքի, այլ անցողիկ զգացմունքների և մենության վախի պատճառով:
AdMe.ru-ն առաջարկում է սթափ գնահատել ամուր հարաբերություններ կառուցելու ձեր պատրաստակամությունը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ:
Սերն օգնում է աճել
Հասուն մարդը երբեք չի դադարում աշխատել իր վրա, իսկ սերն ուժ է տալիս սա անելու համար: Նա չի վախենում ընդունել իր թերություններն ու փոխել իր տեսակետները, կարող է ճկուն և հասկացող լինել:
Սիրող մարդիկ փորձում են ավելի լավը դառնալ ոչ միայն իրենց, այլ նաև՝ միմյանց համար:
Սիրել առաջին հերթին նշանակում է տալ
Ինքնաբավ մարդն իր սիրեցյալի միջոցով չի փորձում լցնել իր դատարկությունը, այլ հակառակը՝ ձգտում է կիսվել իր ունեցածով:
Սիրո հիմքում ընկած է կամքը, այլ ոչ թե զգացմունքները
Ամուր հարաբերությունների հիմքում ընկած է ուրախության և վշտի ժամանակներում իրար կողքի լինելու պատրաստակամությունը: Ընտանիք ստեղծել ցանկացող մարդիկ ընկալում են սերը ոչ միայն որպես զգացմունք, այլ նաև որպես պարտականություններ ենթադրող մտածված որոշում:
Ահա թե ինչու հասուն հարաբերությունների գրավականն իրար կողքի լինելու և աջակցելու անկեղծ ցանկությունն է:
Սերն աշխատանք է
Զուգընկերոջ առանձնահատկությունների ու թերությունների հանդեպ համբերատար լինելը և ուշադիր լինելը հաճախ դժվար է լինում և շատ ուժեր է խլում, սակայն հենց սա է ներդաշնակ հարաբերությունների հիմքը: Սերն «աճեցնելու» համար պետք է քրտնաջանորեն աշխատել:
Սերը պատասխանատվություն է
Պատասխանատվությունն այն ցուցանիշն է, որով կարելի է տարբերել հասուն հարաբերությունները սովորական կապվածությունից: Եթե մարդը պատրաստ է ոչ միայն աջակցություն փնտրել ձեր մեջ, այլ նաև ինքն է ձգտում օգնել ձեզ, ապա նա կարևորում է ձեր հարաբերությունները և ուզում ամրապնդել դրանք:
Սիրել նշանակում է հարգել միմյանց անհատականությունը
Հասուն մարդը, որը հասցրել է «գտնել» իրեն և տեսնում է իր նպատակները, հարգում է դիմացինին և հաշվի նստում նրա հետաքրքրությունների և պահանջների հետ: Այսպիսի հարաբերությունները զուրկ են ճնշումից, մարդիկ ազատություն են տալիս իրար և փորձում փոխզիջումների գնալ:
Սերը չի փրկի ձեզ տառապանքներից
Վիրավորանքներ, հիասթափություն, ցավ. այս ամենը մեր կյանքի անբաժանելի մասն է, և նույնիսկ սիրելի մարդը չի կարող փրկել մեզ դրանցից: Պետք է դժվարություններն ընդունելու համարձակություն ունենալ և չբողոքել, իսկ խոչընդոտների հաղթահարման փորձը կամրապնդի ու ազնիվ կդարձնի հարաբերությունները:
Հոգեբանների համոզմամբ՝ այս գործոնների գիտակցությունը կօգնի իսկապես ամուր հարաբերություններ կառուցել: Նրանք խորհուրդ են տալիս չշտապել ընտանիք ստեղծել՝ մինչև երկուսի մոտ անհրաժեշտ պատրաստակամություն զգալը:
Պարզապես նվիրեք ժամանակը ձեր հետաքրքրություններին, երազանքներին և անձնական աճին, որպեսզի հարաբերություններ կառուցելը ոչ միայն չխանգարի, այլ նաև օգնի երկուսով առաջ գնալ: