Մազաթափություն՝ երբեք առանց պատճառի
Երբեք մազաթափությունը առանց պատճառի չի լինում: Այն դեպքում, երբ կա պաթոլոգիկ, անբնական մազաթափություն, պետք է փնտրել առողջական խնդիր: Եվ շատ հաճախ այս երևույթի հիմքում էնդոկրին համակարգի խնդիրներն են: Մազաթափությունը բացահայտում ենք էնդոկրինոլոգ Նարե Խաչատրյանի հետ:
-Բժշկուհի Խաչատրյան, ե՞րբ է մազաթափությունը հորմոնալ հիմք ունենում:
-Մազաթափության հորմոնալ հիմքը հիմնականում Դ վիտամինի դեֆիցիտը և վահանագեղձի խնդիրներն են: Դա կարող է լինել հիպոթիրիոզի հետևանքով, առավելապես երբ հիպոթիրիթզն ունի աուտոիմուն հիմք, այսինքն օրգանիզմում արտադրվում են հակամարմինները, որոնք «շրջափակում ու հարձակվում» են գեղձի վրա և թույլ չեն տալիս, որ գեղձը նորմալ իր ֆունկցիան կատարի: Վերջին եհտազոտությունների համաձայն՝ համարվում է, որ եթե հակամարմիններ կան գեղձի նկատմամբ, ուրեմն հակամարմիններ կան օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի նկատմամբ: Ընդ որում այդ հակամարմիններն ազդում են մազային ֆոլիկուլների դեմ: Ինչը նպաստում է մազաթափությանը, մասնավորապես տոտալ, ընդհանուր մազաթափությանը:
-Պաթոլոգիկ մազաթափությունը կանա՞նց, թե տղամարդկանց պարագայում է ակտուալ:
-Կարող ենք նկատել և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Իհարկե, ավելի շատ կանանց շրջանում է տարածված: Վերջին շրջանում ապացուցվել է, որ հենց այս հիմքով մազաթափության ցուցանիշներով տղամարդիկ ևս հետ չեն մնում:
-Արդյո՞ք նույնն են տղամարդկանց մազաթափության ու ճաղատության պատճառները:
-Եթե խոսքը տարիքային մազաթափության մասին չէ, ապա պետք է հետազոտել, թե ինչի հետևանքով է այն: Դեպքերի մեծամասնությունում այն վիտամին Դ-ի դեֆիցիտով է պայմանավորված: Հատկապես հաշվի առնելով, որ բոլորս աշատում ենք առավելապես ցերեկային ժամեին փակ տարածքներում, այսպիսով չենք ստանում արևի ուղիղ ճառագայթները, որոնց ազդեցության տակ կսինթեզվի Վիտամին Դ:
-Ի՞նչ նշանակություն ունի մազաթափության հարցում տեստոստերոնի մակարդակը:
-Տեստոստերոնի ավելցուկը կամ պակասը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ բերում են տեղային մազաթափության: Դրանով էլ հենց հիմնական դիֆերենցումն է կատարվում:
-Ինչպե՞ս պայքարել մազաթափության դեմ:
-Շատ հաճախ մազաթափության դեպքում մտածում են արդյունքը վերացնելու մասին արտաքին միջամտություններով՝ յուղեր, դիմակներ, քսուքներ, որոնք շատ են տարածված: Պետք է նկատել, որ սա կրում է ժամանակավոր բնույթ, եթե իհարկե կա արդյունք: Եթե ունենք հորմոնալ խնդիր, օրինակ վահանաձև գեղձի հետ կապված, պետք է բուժել այն: Եթե վիտամին Դ-ի պակաս կա, պետք է լրացնել այն: Իհարկե ալտերնատվ միջոցներ կան՝ ենթամաշկային ներարկումներ վիտամինների, ստերոիդների, որոնք կողքից նպաստում են մազի աճին:
Նյութի աղբյուրը՝ healthmag.am