Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Փոքրիկը չի գիտակցում՝ միջատապաշտպան ցանցը իր ծանրությանը չի դիմանա. երեխաների՝ բարձրությունից ընկնելու դեպքերը աճել են

Այս տարի երեխաների՝ բարձրություններից ընկնելու դեպքեր ավելի շատ են գրանցվում: Դրանք հաճախ հանդիպում են քաղաքներում, քանի որ երեխաները հիմնականում վայր են ընկնում բարձրահարկ բնակելի շենքերից։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լևոն Սիմոնյանը:

Ամռան այս ամիսներին ԲԿ-ում արդեն գրանցվել է 10 դեպք, երբ երեխաները հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում, իսկ ավելի թեթև տրավմաները ընդունվում են համապատասխան մասնագիտացված բաժանմունքներ, զուգակցված վնասվածքները (կախված ծանրության աստիճանից)՝ ռեանիմացիոն բաժանմունքներ։

«Մահվան ելքով ավարտված դեպքեր չեն գրանցվել։ Տարիքային առումով ամենաշատը հանդիպում է 2 տարեկան և ավելի բարձր երեխաների շրջանում, որոնք սկսում են ինքնուրույն տեղաշարժվել և ուշադրության թեթև պակասի դեպքում նման իրավիճակում են հայտնվում. չգիտակցված վնաս են պատճառում իրենց։ Ավելի մեծ տարիքի երեխաները, դեռահասները կենցաղային տրավմաներ են ստանում, օրինակ՝ ընկնում են ավտոտնակների տանիքից, ծառից և այլն։ Իսկ տանը փոքր երեխան չի գիտակցում, որ պատուհանին ամրացված ցանցը, որը նախատեսված է միջատներից պաշտպանվելու համար, ամուր չէ, և եթե հենվի, իր ծանրությանը չի դիմանա»,- նկատում է բժիշկը։

Բարձր վայրից ընկնելուց հետո երեխայի ստացած վնասվածքների ծանրությունը, մասնագետի խոսքով, կախված է լինում բարձրությունից և այն մակերեսից, որի վրա երեխան վայր է ընկել։ Ծանրության աստիճանը որոշվում է ստացված գլխուղեղային վնասվածքներով։

Շատ հաճախ հանդիպում են կրծքավանդակի, որովայնի տրավմաներ, ներքին արյունահոսություն, վերջույթների կոտրվածքներ։ Երեխայի առողջական վիճակն ավելի ծանր է լինում, երբ վնասվածքը ուղեկցվում է գանգուղեղային տրավմայով, որովհետև կենսական կարևոր բոլոր օրգանների համար պատասխանատու կենտրոնները գտնվում են գլխուղեղում։

Սիմոնյանի խոսքով՝ նման պարագայում ծնողները ճիշտ ժամանակին են ահազանգում շտապ օգնություն, իհարկե, դեպքեր լինում են, որ ուշացումով են դիմում, սակայն դրանք շատ քիչ տոկոս են կազմում։ Սովորաբար ծնողը չի դիմում որևէ ԲԿ, երբ առաջնային վնասվածքը լուրջ չէ, սակայն երեխայի վիճակի վատթարացում կարող է գրանցվել նաև ժամերի կամ օրերի ընթացքում։

Հարցին՝ ի՞նչ անել, երբ, օրինակ, 4 տարեկան երեխան վայր է ընկել բարձրահարկ շենքի պատուհանից, բժիշկը պատասխանում է. «Կարևոր է խուճապի չմատնվել։ Ճիշտ է, ծնողի համար դժվար է, հատկապես երիտասարդ ծնողների դեպքում, բայց այդ պարագայում խուճապը ավելի շատ խանգարում է, երբեմն դրա պատճառով սխալ գործողություններ են անում։ Օրինակ՝ բարձրությունից ընկած պացիենտին հակացուցված է տեղաշարժել. գուցե ողնաշարի կոտրվածք ունենա, և սխալ կերպով տեղաշարժելը ավելի բարդացնի ստացած կոտրվածքը, որոշ դեպքերում էլ պատճառ դառնա, որ երեխան ենթարկվի վիրահատության։ Ուստի անհրաժեշտ է, որ եթե դեպքն արդեն գրանցվել է, ծնողներն ահազանգեն շտապ օգնություն, և մասնագիտացում ունեցող բրիգադի միջոցով պարանոցային ֆիքսատր տեղադրվի, ներերակային կատետր միացվի և արագ կազմակերպվի տեղափոխումը դեպի բուժկենտրոն»,- ասում է Լևոն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ հիմնականում բարդ է հասկանալը՝ տվյալ պարագայում երեխայի մոտ ներքին արյունահոսություն կա՞, թե՞ ոչ, որովհետև այն անտեսանելի երևույթ է և առաջին հայացքից նկատելի ախտանշաններ չունի․ «Այսինքն՝ ընկնելուց հետո երեխան գուցե իրեն լավ զգա, բայց կարող է ունենալ ներքին արյունահոսություն։ Եթե ծնողը ընկնելուց հետո չի դիմում թեկուզ առողջության պահպանության առաջնային օղակ, ապա ժամերի ընթացքում երեխայի մոտ առաջանում են թուլություն, գունատություն, նա ավելի դժվար է հաղորդակցվում, այդ դեպքում բժշկին դիմելը պարտադիր է»։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը ծնողներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել հատկապես 2 տարեկանից սկսած երեխաների հանդեպ, որոնք նոր են սկսում քայլել, ակտիվ լինել։ Ծնողները նրանց պետք է պաշտպանեն տրավմաներից, լինեն զգոն, հետևեն, որ երեխան դեպի պատշգամբ հասանելիություն չունենա։

Բժշկական կենտրոնը, ըստ Սիմոնյանի, նույնպես կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որ ծնողները լինեն ավելի իրազեկված, թե տվյալ դեպքերում ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն։

Մերի Խաչատրյան

x Close

Like Us On Facebook