Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես պահպանել ձայնը շոգ եղանակին

Ամռան տապն ու շոգ եղանակը խիստ վտանգավոր են ձայնային ապարատի համար, հատկապես ձայնախոսքային մասնագետների դեպքում, որոնք մասնագիտական գործունեության շրջանակում ինտենսիվ օգտագործում են ձայնը:

👩‍⚕️«Հերացի» պոլիկլինիկայի լոգոպեդ Մերի Շաբոյանը ներկայացրել է շոգ եղանակին ձայնի պահպանման վերաբերյալ օգտակար և արդյունավետ մի շարք խորհուրդներ:

🔅 Շոգին ձայնի համար առավել տարածված հիմնական ռիսկերը⤵️
🔹Ջրազրկում:
Բարձր ջերմաստիճանը նպաստում է խիստ քրտնարտադրությանը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ։ Եթե ջրի ընդունումն անբավարար է, խանգարվում է կոկորդի լորձաթաղանթի խոնավացումը, ինչի արդյունքում այն դառնում է չոր, խոցելի՝ բորբոքումների նկատմամբ։

🔹 Օդի խոնավության նվազում:
Շոգ եղանակին օդը հաճախ դառնում է չոր՝ նվազեցնելով շնչառական ուղիների խոնավությունը։ Սա մեծացնում է կոկորդի լորձաթաղանթի վնասման հավանականությունը և ստեղծում բարենպաստ պայմաններ վերին շնչուղիների վարակների զարգացման համար։

🔹 Շնչառական համակարգի ծանրաբեռնվածություն:
Շոգին օրգանիզմը ստիպված է լինում առավել ակտիվորեն գործել՝ ծանրաբեռնելով սրտի և թոքերի աշխատանքը։ Արդյունքում շնչառությունը արագանում է, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում ձայնային ապարատի վրա։

🔹 Լարինգիտի զարգացման բարձր ռիսկ:
Շոգ եղանակին ակտիվանում են ալերգիկ ռեակցիաները, գրգռվում է կոկորդի լորձաթաղանթը՝ նպաստելով սուր կամ քրոնիկ լարինգիտի առաջացմանը։ Դրա հիմնական ախտանիշներն են՝ ձայնի խռպոտություն, հնչեղության կորուստ, կոկորդի ցավ, քորի զգացողություն, երբեմն՝ ձայնի լրիվ կորուստ։

🔹Սննդակարգի և հանգստի խանգարում:
Շոգ եղանակին հաճախ նվազում է ախորժակը, խաթարվում է քունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես ընդհանուր առողջության, այնպես էլ ձայնային ապարատի գործունեության վրա։ Քնի խանգարման դեպքում կոկորդի մկանային համակարգը, զրկված լինելով հանգստից, աստիճանաբար կորցնում է իր աշխատունակությունը՝ նպաստելով ձայնի խանգարման առաջացմանը:

🔹Օդորակիչների ազդեցություն:
Ամռան տապին մարդիկ հաճախ օգտագործում են օդորակիչներ, որոնք չորացնում են կոկորդի լորձաթաղանթը։ Սա կարող է նպաստել ձայնի խանգարումների առաջացմանը։

🔹Քթային շնչառության խանգարում:
Շոգին մարդիկ հաճախ շնչում են բերանով, ինչի հետևանքով կոկորդի լորձաթաղանթը չորանում է և կարող է հանգեցնել ձայնային ապարատի գործունեության խանգարմանը։ Սակայն պետք է իրազեկ լինենք, որ քթով շնչելիս օդը մաքրվում է մանրէներից, խոնավանում և նոր միայն անցնում դեպի թոքեր։

Մասնագետը հորդորում է շոգ եղանակի բացասական ազդեցությունից ձայնը պաշտպանելու համար հետևել պարզ, բայց արդյունավետ խորհուրդներին․
🔰խմել մաքուր ջուր՝ փոքր կումերով և պարբերաբար՝ ողջ օրվա ընթացքում,
🔰 խուսափել կոֆեին և ալկոհոլ պարունակող ըմպելիքներից, որոնք ուժեղացնում են ջրազրկումը,
🔰 տանը և աշխատավայրում օգտագործել օդը խոնավացնող սարքեր (խոնավացուցիչ),
🔰 սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից,
🔰 պահպանել առողջ սննդակարգ, ապահովել լիարժեք, որակյալ քուն,
🔰 ձայնային ծանրաբեռնվածությունից խուսափել, եթե կոկորդում առկա է անհարմարության կամ գրգռման զգացողություն։

x Close

Like Us On Facebook