Երեխաների հազը՝ տնային խնամքից մինչև բժշկական օգնություն
Հազը երեխաների մոտ շատ հաճախ հանդիպող ախտանիշ է և հիմնականում կապված է շնչառական վարակների հետ (մրսածություն, վիրուսային ինֆեկցիա)։
Շատ դեպքերում այն ինքնուրույն անցնում է, սակայն կան իրավիճակներ, երբ բժշկի դիմելը պարտադիր է։
Թեմային անդրադարձել է Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը։
Անհապաղ դիմեք բժշկի, եթե՝
Երեխան մինչև 3 ամսական է և ունի հազ
Հազը ուղեկցվում է շնչառության դժվարությամբ, շնչահեղձությամբ կամ շնչելիս սուլոցով
Կա բարձր ջերմություն (≥38.5°C), որը չի իջնում կամ պահպանվում է 2–3 օրից ավելի
Երեխան կապտում է, շրթունքները կամ դեմքը կապտավուն են
Կա շատ ուժեղ, նոպայաձև հազ, հատկապես գիշերը
Հազի ժամանակ կամ հետո լինում է փսխում
Երեխան շատ թուլացած է, քնկոտ, հրաժարվում է ուտելուց կամ խմելուց
Հազը սկսվել է օտար մարմին կուլ տալուց հետո (խաղալիք, սնունդ և այլն)
Պլանային կարգով դիմեք բժշկի, եթե՝
Հազը տևում է ավելի քան 7–10 օր
Այն չոր է, տանջող կամ աստիճանաբար ուժեղանում է
Ուղեկցվում է քաշի կորստով, երկարատև հոգնածությամբ
Երեխան ունի ալերգիա, ասթմա կամ այլ քրոնիկ հիվանդություն
Ինչ կարելի է անել տանը (եթե վիճակը թեթև է)
Տրամադրել բավարար հեղուկներ
Պահել սենյակը խոնավ ու մաքուր օդով
Խուսափել ծխից և սուր հոտերից
Առանց բժշկի նշանակման չտալ հազը ճնշող դեղեր, հատկապես փոքր երեխաներին:

