Նորածին երեխաների խնամքի համար Ստեփանակերտի բուժհաստատությունները նոր սարքավորումներ են ստացել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և արգենտինահայ բարերար Դանիել Յուսեֆյանը «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ներին նվիրաբերել են 4 նոր սարքավորումներ:
ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանն ասել է, որ հիվանդանոցը համալրվել է գերմանական «Դրեգեր» ֆիրմայի 2 գերժամանակակից կուվեզներով (հատուկ ինկուբատոր), որտեղ պահվում են անհաս և ցածր քաշով ծնված նորածին երեխաների:
«Այս սարքավորումներն ապահովում են անհաս երեխաների խնամքի բոլոր պայմանները. դրանք ապահովված են համապատասխան խոնավությամբ, ջերմաստիճանով, թթվածնով, որոնց օգնությամբ նորածինների կենսագործունեությունը նորմալ է ընթանում: Սարքավորումն ունի նաև մոնիտոր, որն ապահովում է շնչառական և սիրտ-անոթային համակարգի գործունեության բոլոր պարամետրերը: Երեխան 24 ժամվա ընթացքում գտնվում է վերահսկողության տակ: Տարվա կտրվածքով, կուվեզներում պահվում է 15-20 երեխա»,-ասել է Մ. Մարգարյանը և նշել, որ մինչ այսօր բուժմիավորումում կար ընդամենը 2 սարքավորում:
«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Վադիմ Օսիպովն էլ լրացրել է, որ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համարվում է կենտրոնի կարևոր օղակներից մեկը, և այն գտնվում է ԱՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
«Վերջին տարիների ընթացքում պարբերաբար կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Այս սարքավորումները հնարավորություն են տալիս ԱՀ-ում ծնված անհաս նորածինների լիարժեք բուժում, հսկողություն և խնամք իրականացնել: Սարքավորումները կնպաստեն էլ ավելի բարձրացնել բուժման մակարդակը»,-ասել է Վ. Օսիպովը և նշել, որ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը մինչ այսօր ուներ ընդամենը 1-ը. այն համալրվել է ևս 2-ով:
Վ. Օսիպովի խոսքով՝ եղած սարքավորումների մաշվածության պատճառով իրենք չէինք կարողանում դրանք լիարժեք օգտագործել:
Նյութի աղբյուրը՝http://artsakhpress.am