Ախուրյանի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը շահույթ չի ապահովում. կմիավորվի՞ «Գյումրի» կենտրոնին
Մեր տեղեկություններով՝ առողջապահության ոլորտի օպտիմալացման ծրագրի շրջանակներում, այս պահին ուսումնասիրվում է Շիրակի մարզի Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքի հավանական միավորման հարցը:
Նախատեսվում է, որ Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքը միանալու է «Գյումրի» բժշկական կենտրոնին:
Ախուրյանի բժշկական կենտրոնն իր կազմում ունի շտապ բուժօգնության կայան, արտահիվանդանոցային ծառայություն եւ ստացիոնար բաժանմունք: Վերջինս իր մեջ ներառում է ընդհանուր պրոֆիլի ծառայություններ: Ախուրյանի բժշկական կենտրոնի ընդհանուր բաժանմունքում իրականացվում է միայն ընդհանուր վիրաբուժական եւ պրոկտոլոգիական միջամտություններ:
Ախուրյանի հիվանդանոցի գործադիր տնօրեն Շողիկ Մակարյանը մեզ հետ զրույցում տեղեկացնում է, որ նշված հատվածը Գյումրի բժշկական կենտրոնին միացնելու մասին տեղեկությունների մասին լսել է, բայց որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել:
«Այդ կանխատեսվող ծրագիրը, որ լինելու է, նախատեսում է հիվանդանոցային բաժնի միացում «Գյումրի» բժշկական կենտրոնին: Իրականացվող ծավալի եւ երկու բնակավայրերի մոտ գտնվելու պատճառով ցանկանում են միավորել: Դժգոհելու առիթ չկա, քանի որ այս ծրագիրը դեռ ուսումնասիրման փուլում է»,-ասում է Շողիկ Մակարյանը:
Ախուրյանի եւ Գյումրու հեռավորությունն ընդամենը մի քանի կիլոմետր է: Բայց այս բնակիչները նախընտրում են վերոնշյալ բժշկական ծառայություններից օգտվել հենց Գյումրիում, որը պայմանավորված է նորագույն սարքավորումների առկայությամբ:
Դեռ 2007 թվականին օպտիմալացվել էին Ախուրյանում գործող մի քանի բժշկական հիմնարկներ, մասնավորապես միավորվել էին առանձին կառույցներ համարվող Ախուրյանի հիվանդանոցը, պոլիկլինիկան եւ շտապ բուժօգնության կայանը, իսկ ինֆեկցիոն ծառայությունը դադարեցրել էր աշխատանքը: Պատճառը կրկին հիվանդների թվի կտրուկ նվազումն էր, ինչն առկա է նաեւ այսօր:
«Մեր ստացիոնարն այս պահին միայն մեկ թեքումով է: Ընդամենը մեկ պրոկտոլոգ ունենք: Նեղ մասնագետներ չունենք: Վիրաբուժական լայն պրոֆիլի գործառույթ չենք իրականացնում»,-ասում է Շողիկ Մակարյանը:
Ախուրյանի հիվանդանոցը փակ բաժնետիրական ընկերություն է: Կառույցի հիմանակն ֆինանսական միջոցները ձեւավորվում են պետական դոտացիայի արդյունքում, կենտրոնի շահույթը, ըստ ղեկավարության, շատ չնչին տկոս է կազմում:
Նարեկ Կիրակոսյան
Նյութի աղբյուր՝asparez.am