ԱՀԿ-ն կաջակցի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի հրավերով Կոպենհագեն կատարած այցի ընթացքում ունեցել է բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ։
ԱՀԿ-ի ներկայացուցիչներին նախարարը ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի ներկա իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
«Նրանք բավականաչափ իրազեկ էին մեր երկրի թե՛ հաջողությունների, թե՛ խնդիրների մասին։ Եվս մեկ անգամ համադրելով երկու կողմի փաստերը` համոզվեցինք, որ ներկա իրավիճակի և ախտորոշումների մեր տեսլականները նույնն են»,-ներկայացնելով այցի արդյունքները` ասել է նախարարը։
Առկա մարտահրավերների հաղթահարման Լևոն Ալթունյանի ներկայացրած ճանապարհը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի ղեկավարության հավանությանն է արժանացել։
Ժուժաննա Յակաբն այդ ծրագրերին կազմակերպության ողջ ներուժով ամենայն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունում գործող աշխատանքային վեց խմբերն ուղղակի համագործակցություն ծավալեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի համապատասխան կառույցների հետ։
«Նրանք կկատարեն մեզ մոտ իրականացվող բարեփոխումների փորձաքննություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություներ կանեն»,-նշել է Լևոն Ալթունյանը։
ՀՀ Առողջապահության նախարարություն