Առանց դեղատոմսի դեղամիջոցների վաճառքը անչափահասներին՝ հետևանքներ և մարտահրավերներ
Դեղամիջոցների անվտանգ օգտագործման ապահովումը առողջապահության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Այս խնդիրը առանձնակի արդիականություն ունի անչափահասների դեպքում, քանի որ դեղամիջոցների անվերահսկելի հասանելիությունը նրանց առողջությանը կարող է զգալի վտանգ սպառնալ։
Վերջին տարիներին անչափահասների շրջանում առանց դեղատոմսի դեղամիջոցների (over-the-counter, OTC) հասանելիության և ոչ պատշաճ օգտագործման խնդիրը վերածվել է գլոբալ առողջապահական մարտահրավերի: Չնայած տարածված կարծիքի, թե այս խմբի դեղամիջացները «հարաբերականորեն անվտանգ» են, փորձն ու վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դրանց ոչ նպատակային օգտագործումը դեռահասների կողմից կարող է հանգեցնել լուրջ բժշկական և սոցիալական հետևանքների։
Հիմնախնդրի մասշտաբները և ռիսկերը
Առանց դեղատոմսի հասանելի դեղամիջոցները ներառում են ցավազրկողներ, հազի և հարբուխի դեմ միջոցներ, հակահիստամինային պրեպարատներ, դեկոնգեստանտներ և խթանիչներ, որոնք ազատ վաճառվում են և, հետևաբար, հասանելի են դեռահասների համար: Սակայն 13–18 տարեկան հասակում երիտասարդները հաճախ չունեն ո՛չ անհրաժեշտ գիտելիքներ, ո՛չ էլ պատասխանատվության զգացում՝ այդ դեղամիջոցները անվտանգ օգտագործելու համար:
ԱՄՆ-ի Հիվանդների տեղեկացման և կրթության ազգային խորհրդի (National Council on Patient Information and Education) տվյալներով՝ դեռահասների մոտ 50%-ը բավարար տեղեկացված չէ դեղերի անվտանգ օգտագործման վերաբերյալ, և միայն 8%-ն է հետևում կից հրահանգներին: Ավելի քան կեսը դիմում է ինքնաբուժման՝ հաճախ համատեղելով դեղամիջոցները ալկոհոլի կամ այլ նյութերի հետ։
Հատուկ մտահոգություն է ներկայացնում դեռահասների կողմից հազի, հարբուխի և որոշ այլ դեղամիջոցների նպատակային ոչ բուժական օգտագործման աճը։
Առավել հաճախ այդ դեղամոջոցներից հոգեակտիվ էֆֆեկտ ստանալու նպատակով օգտագործվում են դեքստրոմեթորֆան (DXM) պարունակող դեղամիջոցներ։ Այս բաղադրիչը մտնում է 140-ից ավելի առանց դեղատոմսի վաճառվող դեղերի կազմի մեջ և մեծ դոզաներով առաջացնում է հալյուցինացիաներ, էյֆորիա, ընկալման խանգարումներ և ապակողմնորոշում: DXM-ի գերդոզավորումը կարող է հանգեցնել սրտային ռիթմի խանգարումների, ցնցումների, լյարդի վնասման, նույնիսկ մահվան: Նրա տոքսիկությունը շատ ավելի մեծանում է ացետամինոֆենի հետ համակցման դեպքում, որի տոքսիկ ազդեցությունը կարող է դրսևորվել ընդունումից 6–10 ժամ անց՝ հաճախ հետաձգելով բժշկական օգնության դիմելը։
ԱՄՆ-ում 2020 թ-ին իրականացված «Monitoring the Future» հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 13-19 տարեկան դեռահասների 4․6%-ը չարաշահում է հազի և հարբուխի առանց դեղատոմսի դեղամիջոցները, ինչը գերազանցում է LSD-ի կամ մեթամֆետամինների օգտագործման ցուցանիշները: Չարաշահման ամենաբարձր մակարդակը գրանցվում է 15-16 տարեկանների շրջանում:
Նմանատիպ միտումներ նկատվում են նաև այլ երկրներում: Ճապոնիայում 2024 թվականին իրականացված հետազոտության համաձայն՝ 15-19 տարեկան դեռահասների 1․5%-ը առանց դեղատոմսի հասանելի դեղամիջոցներ (հիմնականում DXM և կոդեին) օգտագործել է ոչ բուժական նպատակներով:
Առողջության հետևանքներ
ԱՄՆ-ի Առողջապահության ազգային վիճակագրական կենտրոնի (NCHS) տվյալներով՝ դեղամիջոցներով (ներառյալ առանց դեղատոմսի հասանելի դեղերը) թունավորման դեպքերն անչափահասների շրջանում շտապ օգնության բաժանմունքներ դիմումների կառուցվածքում առաջատար դիրք են գրավում: Ընդ որում, դեպքերի մինչև 25%-ը կապված է դեքստրոմեթորֆանի չարաշահման հետ: Ավելին, առանց դեղատոմսի վաճառվող դեղերի մեկ այլ բաղադրիչ՝ ացետամինոֆենը, հաճախ հանդիպող գերդոզավորման պատճառ է դառնում դեռահասների շրջանում: Ըստ հարցման արդյունքների՝ շտապ օգնության բաժանմունքներ դիմած դեռահասներից շատերը չեն գիտակցել, որ դեղաչափի գերազանցումը կարող է հանգեցնել լուրջ առողջական հետևանքների, այդ թվում՝ մահվան։
Այս դեղամիջոցների քրոնիկ չարաշահումը կարող է հանգեցնել ուղեղի, լյարդի և երիկամների ախտահարման, ճանաչողական և հոգեկան խանգարումների (ներառյալ դեպրեսիա, հոգեհուզական անկայունություն և հիշողության խանգարումներ) զարգացմանը:
Հակահիստամինային դեղամիջոցների (օրինակ՝ դիֆենհիդրամինի) բարձր դոզաներով ընդունումը նույնպես կապված է ճանաչողական խանգարումների հետ: Իսկ խթանիչների (ներառյալ քթի լորձաթաղանթի այտուցի դեմ միջոցներն և նիհարեցման նպատակով օգտագործվող դեղամիջոցները ) չարաշահումը մեծացնում է սրտի կաթվածի, ցնցումների և հոգեկան խանգարումների ռիսկը:
Առանց դեղատոմսի դեղամիջոցների չարաշահումը կարող է հանգեցնել նաև կախվածության զարգացմանը: ԱՄՆ-ում իրականացված Դեղամիջոցների չարաշահման և առողջության հետազոտության (NSDUH) տվյալներով՝ «հաճույք» ստանալու համար դեղամիջոցներ օգագործող դեռահասները հետագայում ավելի հակված են կախվածություն ձևավորելուն: Ընդ որում, հաճախակի չարաշահումը (տարեկան 10 և ավելի անգամ) մեծացնում է հետագայում ալկոհոլի չարաշահման, մարիխուանայի և կոկաինի օգտագործման անցման ռիսկը:
Ըստ հետազոտության արդյունքների, նարկոլոգիական կենտրոններ դիմող 12-18 տարեկան դեռահասների 1․5%-ն առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներ է օգտագործում:
Ըստ ԱՄՆ CHPA կազմակերպության տվյալների՝ չնայած նրան, որ առանց դեղատոմսի դեղամիջոցները տարեկան մինչև 146 միլիարդ ԱՄՆ դոլար են տնտեսում երկրի առողջապահական համակարգի համար, դեռահասների կողմից դրանց ոչ պատշաճ օգտագործումը կարող է չեղարկել այդ օգուտը։
Օրենսդրական միջոցներ և միջազգային փորձ
Վերջին տարիներին անչափահասների՝ առանց դեղատոմսի դեղամիջոցներով թունավորումների և չարաշահումների կտրուկ աճը հանգեցրել է մի շարք երկրներում օրենսդրական սահմանափակումների ներդրմանը։
• Գերմանիայում 2009 թվականից, Նոր Զելանդիայում 2020 թ-ից ի վեր դեքստրոմեթորֆան (DXM) պարունակող դեղամիջոցների վաճառքը դեռահասներին կարգավորվում է․ դեղագործը պարտավոր է գնահատել գնման նպատակահարմարությունը և կարող է մերժել վաճառքը՝ չարաշահման կասկածի դեպքում։
• Միացյալ Թագավորությունում 2015 թվականից արգելված է մինչև 18 տարեկան անձանց վաճառել կոդեին պարունակող դեղամիջոցներ։
• Կանադայում մի շարք նահանգներում սահմանվել է 19 տարեկան տարիքային շեմ՝ DXM պարունակող դեղամիջոցների համար։
• ԱՄՆ-ում, 2024 թվականի դրությամբ, 21 նահանգ ընդունել է օրենքներ, որոնք սահմանափակում են DXM պարունակող դեղերի վաճառքը անչափահասներին։ Մասնավորապես, Կալիֆորնիա նահանգում գործում է արգելք՝ այս դեղամիջոցները առանց դեղատոմսի մինչև 18 տարեկան անձանց վաճառելու վերաբերյալ։
Անչափահասներին առանց դեղատոմսի դեղամիջոցների վաճառքի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում դեղագործական գործունեության իրավական կարգավորումը հիմնված է «Դեղերի մասին» օրենքի (2016թ.) վրա, որը սահմանում է դեղամիջոցների գրանցման, արտադրության, ներկրման, տարածման և կիրառման կարգը։ Գործող կարգավորման շրջանակներում դեղերը դասակարգվում են որպես դեղատոմսով և առանց դեղատոմսի վաճառվող։
2024 թվականի մարտի 1-ից Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ, որը ներառում է 470 դեղամիջոց, այդ թվում՝ հակաբիոտիկներ, հակասնկային և հակավիրուսային դեղեր, ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղամիջոցներ։ Սա զգալիորեն բարձրացնում է դեղերի արձակման թափանցիկությունը և նվազեցնում անվերահսկելի օգտագործման ռիսկերը։ Միևնույն ժամանակ, մոտ 300 անվանում շարունակում են դասվել առանց դեղատոմսի իրացվող դեղերի շարքին և հասանելի են ազատ վաճառքում՝ այդ թվում նաև 18 տարեկանից ցածր անձանց համար։
ՀՀ գործող օրենսդրությունը չի սահմանում անմիջական տարիքային սահմանափակումներ՝ առանց դեղատոմսի դեղերի ձեռքբերման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, պետությունը ձեռնարկում է միջոցներ անչափահասների առողջության պահպանման ուղղությամբ՝ կիրառելով հարակից նորմատիվ իրավական ակտեր։ Մասնավորապես, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքը խստորեն կարգավորում է թմրամիջոցներ պարունակող դեղերի շրջանառությունը՝ լիովին բացառելով դրանց ազատ վաճառքն ու, համապատասխանաբար, անչափահասների համար հասանելիությունը։
Դեղագործական գործունեության ստանդարտների պահպանման վերահսկողությունն իրականացվում է պետական վերահսկողության գործիքակազմի միջոցով։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության № 724-Ն որոշմամբ հաստատվել են դեղատների ստուգումների ցուցակները (չեք-լիստեր), որոնք, ի թիվս այլնի, նախատեսում են անչափահասներին դեղորայքի տրամադրման կանոնների պահպանման և դեղատոմսով դեղերի՝ առանց պատշաճ նշանակման տրամադրման արգելքի վերահսկում։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության գործող իրավական կարգավորումները դեռևս պահանջում են շարունակական բարելավում և հստակեցում՝ առավել արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով։ Անհրաժեշտ է մշակել լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կուղղվեն անչափահասների՝ պոտենցիալ ոչ անվտանգ առանց դեղատոմսի դեղամիջոցների արձակման սահմանափակմանը։
Անհրաժեշտ են նաև լուսավորչական արշավներ, որոնք ուղղված կլինեն դեռահասների և ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ կապված տվյալ դեղամիջոցների չարաշահման ռիսկերի և կանխարգելման ուղիների հետ։