Արյունատվություն. օգու՞տ թե՞ վնաս
Արյունատվությունը (արյան դոնորություն՝ լատիներեն donare՝ նվիրել) սեփական արյան կամ արյան բաղադրամասերի կամավոր նվիրատվությունն է հետագայում դրանց կարիքն ունեցող հիվանդներին փոխներարկման կամ բժշկական պրեպարատներ ստանալու համար։
Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ասիստենտ Գայանե Պետրոսյանը փատում է, որ համաձայն վիճակագրության յուրաքանչյուր երրորդ մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ դոնորական արյան կարիք է ունենում։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, որպեսզի երկիրը կարողանա ինքնուրույն ապահովել ամբողջական արյան և դրա բաղադրամասերի իր պահանջները՝ անհրաժեշտ է, որ արյուն հանձնի երկրի բնակչության 2-6%-ը:
Եվրոպայում այս ցուցանիշները տատանվում են 0,4%-ից՝ Հայաստան, Տաջիկիստան, մինչև 6,4%՝ Դանիա, Գերմանիա, 1,5%՝ Ռուսաստանում, 6%՝ ԱՄՆ-ում։
Մեր օրերում արյունատվությունը բացարձակապես անվնաս և անվտանգ գործընթաց է։
Բժիշկն ընդգծում է, որ առողջ մարդու համար այս գործողությունն անգամ օգտակար է։
Դոնորի օրգանիզմում բարձրանում է հարմարվողական ռեակցիաների մակարդակը, խթանվում է արյան շրջանառությունը և իմունիտետը, տեղի է ունենում արյան բջիջների շրջանառության մեջ ներգրավված օրգանների բեռնաթափում:
Հաճախ կարելի է լսել, որ արյունատվության ընթացքում դոնորը վարակվելու վտանգի տակ է։ Իրականում նման բան կարող է ասել երբևէ արյունատվություն չկատարած և արյան փոխներարկման բաժնում չեղած մարդը։
Արյան հավաքագրման համակարգը մեկանգամյա օգտագործման է, հերմետիկ փաթեթավորված և բացվում է միայն արյունատվունթյունից առաջ՝ դոնորի ներկայությամբ:
Կան կարծիքներ նաև, որ բուն արյունատվության գործընթացը երկար ժամանակ է խլում։
Իրականում է համեմատաբար երկար են տևում արյունատվությանը նախորդող բժշկական հետազոտությունները, իսկ բուն արյունատվությունը տևում է ընդհամենը մի քանի րոպե՝ հիմնականում 5-8 րոպե, առավելագույնը մինչև 15 րոպե։
Արյան նվիրատվությունը հաճախ կյանք նվիրելու հետ է ասոցացվում:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա 010301000 ներքին 414: