Thursday, October 9, 2025
Նորություններ

«Բյուջեի աճին համընթաց որոշակիորեն կլուծվեն ծառացած խնդիրները». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկ-առողջապահության կազմակերպիչ Համբիկ Սարաֆեանին:

Հյուրը հակիճ ներկայացրել է մասնագիտական անցած ճանապարհը, նշել, որ այժմ գործունեություն է իրականացնում ԱՄՆ-ում` ռենտգեն-ախտորոշիչ խոշոր ցանցում և ցանկություն ունի իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտում:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք առաջնահերթ լուծումներ են պահանջում` առաջնային օղակում կանխարգելիչ միջոցառումների հզորացում, ուռուցքաբանության ծառայության ռազմավարության մշակում, ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր, այդ թվում` պալիատիվ բուժօգնության ներդրում:

Համբիկ Սարաֆեանը նախարարին առաջարկել է համագործակցել ուռուցքաբանության ոլորտում` ներկայացնելով իր տեսլականը քաղցկեղի վաղ հայտնաբերման հետազոտությունների առումով. նորագույն սարքեր, մասնագետների վերապատրաստում, փորձագետների խորհրդատվություն, ուղեցույցների և գործելակարգերի մշակում: Մոտեցումներն առավել շոշափելի դարձնելու նպատակով առողջապահության կազմակերպիչը խոստացել է իր բժիշկ-գործընկերների հետ քննարկել և տրամադրել ուռուցքաբանության ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումների ծախսարդյունավետության նախահաշիվ:

«Բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարները դեռևս քիչ են, չնայած հաջորդ տարի որոշակի շատացրել ենք ուռուցքաբանության ծառայությանն ուղղվող ֆինանսական միջոցները: Հույս ունենք, որ բյուջեի աճին համընթաց որոշակիորեն կլուծվեն ծառացած խնդիրները», – նշել է նախարարը:

Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և կրկին քննարկել  այս կարևոր ոլորտում անելիքները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook