Դիսմորֆոֆոբիա. երբ մարդը միշտ դժգոհ է իր արտաքնից
Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:
Դիսմորֆոֆոբիան հոգեկան խանգարում է, որի ժամանակ անձը չափազանց անհանգստանում է սեփական մարմնի աննշան թերությունների կամ առանձնահատկությունների համար: Այն հատկապես բնորոշ է դեռահասության տարիքին, երբ մարմինը փոփոխությունների է ենթարկվում և դեռահասն այն պետք է համարի բնական և գեղեցիկ: Այստեղ մի կողմից գործ ունենք անձի հոգեբանական տրավմաների հետ (դեռահասին հաճախակի ծաղրանքի ենթարկելը, ֆիզիկական կամ սեռական տրավմաները և դաստիարակությունը: Եթե դեռահասն ունենում է սիրո պակաս, ապա ենթադրում է, որ իրեն չեն սիրում իր արտաքին տեսքի համար), մյուս կողմից՝ լուրջ հոգեկան խանգարումների, այսինքն՝ տագնապային խանգարում, որը հանգեցնում է կպչուն մտքերի, այն էլ իր հերթին կարող է բերել սուիցիդալ մտքեր: Դիսմորֆոֆոբիայի զարգացմանը կարող են նաև նպաստել այնպիսի անձնային որակներ, ինչպիսիք են անվստահությունը, նևրոտիկ վիճակը կամ նևրոզը, քննադատության նկատմամբ բարձր զգայունությունը, ինտրովերսիան, պերֆեկցիոնիզմը:
Հետաքրքրական է, որ դիսմորֆոֆոբիայով տառապող մարդիկ սովորաբար խուսափում են լուսակարվելուց՝ կարծելով, որ նկարները կրկնապատկում են այն թերությունները, որոնք նրանք ունեն: Թերություններ, որոնք կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ երևակայական:
Ինչպես հայտնի է, ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան այն բուժել: Դեռահասության տարիքում նման խնդրից խուսափելու համար շատ կարևոր է մտերիմների վերաբերմունքը, նրանց ցանկությունը՝ բարձրացնելու դեռահասի ինքնագնահատականը: Անհրաժեշտ է բացատրել դեռահասին, թե որտեղից են գալիս արտաքին փոփոխությունները և ինչպես դրան վերաբերվել:
Նյութի աղբյուրը՝ zhest.am