Thursday, October 9, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխաների արևապաշտպանության ուղեցույց

Մանկական մաշկը զգայուն է և պակաս զարգացած՝ մեծահասակների մաշկի համեմատ։ Արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների ազդեցությունը երեխաների մոտ կարող է առաջացնել ոչ միայն ակնթարթային վնասներ (այրվածքներ, այտուց, կարմրություն), այլև երկարաժամկետ ռիսկեր, ներառյալ` մաշկի վաղ ծերացումը և մաշկի ուռուցքային հիվանդությունների հավանականության բարձրացումը։

🔆 Ինչ անել արևից երեխային պաշտպանելու համար

1․ Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից (10:00–16:00)

🔸 Այս ժամերին ՈւՄ ճառագայթման ինտենսիվությունն առավելագույն է։ Երեխաներին հնարավորինս պահել ստվերում կամ փակ տարածքում։

🔸 Անհրաժեշտության դեպքում ընտրել ստվերով ապահով վայրեր զբոսնելիս կամ խաղալիս։

2․ Հագուստ և գլխաշոր

🔸 Ցանկալի է, որ երեխան կրի բարակ, բաց գույնի, երկարաթև շապիկ և երկար տաբատ՝ բնական կտորից (բամբակ, վուշ)։

🔸 Գլխին՝ լայնեզր գլխարկ, որը պաշտպանում է ինչպես դեմքը, այնպես էլ` ականջներն ու վիզը։

3․ Արևապաշտպան քսուք

🔸 Օգտագործել SPF 30 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), ջրակայուն արևապաշտպան քսուք։

🔸 Քսել 15–30 րոպե առաջ նախքան դուրս գալը։

🔸 Կրկնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև` լողալուց կամ քրտնելուց հետո։

⚠ Մինչև 6 ամսական երեխաներին արևապաշտպան քսուք խորհուրդ չի տրվում։ Նրանց մաշկը պետք է ամբողջությամբ պաշտպանված լինի հագուստով և ստվերով։

4․ Արևից պաշտպանված տրանսպորտ

🔸 Ավտոմեքենայի պատուհաններից ներթափանցող ՈւՄ ճառագայթները նույնպես վնասակար են։ Կարելի է օգտագործել ՈւՄ ֆիլտրով պաշտպանիչ թաղանթ կամ ստվերացնող վարագույրներ։

5․ Արևային ակնոց

🔸 Հատկապես լեռնային շրջաններում և ջրային միջավայրերում խորհուրդ է տրվում արևապաշտպան ակնոց՝ UV 400 պաշտպանությամբ։

📌 Հիշեցում

Արևային այրվածքը երեխաների մաշկի համար ոչ միայն ցավոտ է, այլև կարող է ազդել նրանց ամբողջ կյանքի վրա։ Մի քանի անգամ ստացած լուրջ այրվածքը մանկության տարիներին շատ է բարձրացնում մելանոմայի առաջացման ռիսկը։

ՀՀ ԱՆ խորհրդատու մաշկաբանության գծով

Հովհաննես Հովհաննիսյան

x Close

Like Us On Facebook