Ի՞նչ անել, եթե կղանքում արյուն եք նկատել
Արյուն կղանքում՝ այս ախտանիշը կարող է լինել տարբեր հիվանդությունների նշան և պահանջում է անհապաղ ուշադրություն: Զուգարանի թղթի վրա կարմիր արյան հետքը, զուգարանակոնքում թարմ արյան կաթիլները կամ կղանքի մակերեսին թարմ արյան բծերը կարող են վկայել այն մասին, որ արյունահոսությունն առաջացել է ուղիղ աղիքի ստորին հատվածում կամ հետանցքում։
Եթե արյունը խառնված է կղանքի հետ, հավանաբար արյունահոսությունը սկսվել է հաստ աղիքի ավելի բարձր հատվածներում։
Առաջացման հնարավոր պատճառներն են՝ թութք, հետանցքի ճաքեր, աղիների բորբոքային հիվանդություններ, օրինակ՝ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն, պոլիպներ և այլն։
Ի՞նչ անել, եթե կղանքում արյուն եք նկատել․ Մի՛ անտեսեք այս ախտանիշը. նույնիսկ եթե արյունը մեկ անգամ եք նկատել, խորհրդակցե՛ք բժշկի հետ:
Մանրամասն նկարագրեք ձեր ախտանիշները. կարևոր է տեղեկացնել ձեր բժշկին, թե որքան հաճախ եք արյուն նկատում և ինչ այլ ախտանիշներ կան:
Ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք․ սա կարող է ձեզ ավելի շատ վնասել։