Դիտումներ 549
Ինչի՞ հետևանք են լսողության խանգարումները, ի՞նչ ախտանիշներ կարող են նկատվել և ինչպե՞ս պահպանել լսողությունը. Գարեգին Միրաքյանի անդրադարձը՝ օրվա խորհրդով

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Օրը նշում են 2007թ-ից, նպատակն է համախմբել լսողության կորստով մարդկանց և պրոպագանդել ականջի և լսողության խնամքը։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Գարեգին Միրաքյանը նշում է, որ 2023թ․ ԼՊՄՕ-ի նշանաբանն է ՝«Ականջը և լսողության խնամքը՝ բոլորի համար․եկեք այն իրականություն դարձնենք»․

Ամբողջ աշխարհում՝ գրեթե բոլոր երկրների բնակչության մոտ 10%–ի դեպքում դիտվում է այս կամ այն աստիճանի լսողության իջեցում, ընդ որում և երեխաների և մեծահասակների մոտ։

Լսողության խնդիրներ ունեցողների մոտ 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Գարեգին Միրաքյանի փոխանցմամբ` լսողության խնդիրները կարող են տարբեր պատճառներ ունենալ.


Բնածին հիվադություններից ՝ Ցիտոմեգալովիրուս

Ինսուլտ

Կորոնար զարկերակների ախտահարում

Զարկերակային հիպերտենզիա

Շաքարային դիաբետ

Մի շարք տրավմաներ(վթարներ, բամբակյա շվաբրի անզգույշ օգտագործումը)

Ականջի սուր և քրոնիկական բորբոքումներ, ինֆեկցիոն հիվանդություններ

Լսողության կորստի ընտանեկան պատմություն

Օտոտոքսիկ անտիբիոտիկներ

Քիմիական նյութերի ազդեցությունը

Երկարատև աղմկոտ միջավայրում գտնվելը,բարձր ձայների,վիբրացիաների ազդեցությունը

Ուռուցքները

Բժշկի խոսքով՝ լսողության կորուստը դիտվում է շատ դանդաղ, այդ պատճառով բուժառուն սկզբնական շրջանում չի նկատում և հիմնականում դրա մասին հուշում են շրջապատող մարդիկ։

Դիտվում է խոսքի և այլ հնչյունների խլացում։

Բառերն ընկալելու (հասկանալու) դժվարություն։

Հաճախ խնդրում են զրուցակցին խոսել դանդաղ, հստակ և բարձր։

Անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել հեռուստացույցի, ռադիոյի ձայնը։

Խուսափում են սոցիումում հաճախակի գտնվելուց։

Լսողությունը պահպանելու համար ԼՕՌ կլինիկայի ղեկավարը խորհուրդ է տալիս

Խուսափել բարձր երաժշտությունից,

Ականջակալների օգտագործումից,

Աղմկոտ միջավայրից,
ձայն արձակող սարքերի երկարատև օգտագործումից,

Հաճախակի վիբրացիաներից,

Առաջին իսկ ախտանիշի դեպքում դիմել ՔԿԱ-ին: