Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչո՞ւ է կրծքագեղձն այդքան խոցելի և ինչո՞ւ են կարևոր տարեկան կանոնավոր հետազոտությունները․ Անի Հակոբյան

Հայ – Ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Անի Հակոբյանի հետ զրուցել ենք կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնների, կանխարգելման հնարավորությունների և ամենամյա կանոնավոր հետազոտությունների կարևորության մասին։ -Բժշկուհի Հակոբյան, նշվում է, որ «կրծքագեղձի քաղցկեղ» ախտորոշում տարեկան աշխարհում ստանում է 1 000 000 կին։ Ինչո՞ւ է կրծքագեղձն այդքան խոցելի։    -Կրծքագեղձը խոցելի է, որովհետև հորմոնկախյալ օրգան է, և օրգանիզմի բոլոր հորմոնալ փոփոխություններն ուղղակի ազդեցություն են ունենում կրծքագեղձի վրա, և պատկերացրեք կյանքի ընթացքում կանայք ինչքան հորմոնալ տեղաշարժերի են ենթարկվում, նաև սթրեսի, որը, կրկին հորմոնալ դիսբալանսի բերելով, ազդում է կրծքագեղձի վրա։

-Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները։

-Տարբերակում ենք կառավարելի և ոչ կառավարելի ռիսկի գործոններ։ Ոչ կառավարելի են այն գործոնները, որոնք կախված չեն մարդուց։ Առաջինը՝ մարդու սեռը․ լինել կին՝ նշանակում է ունենալ կրծքագեղձի քաղցկեղի մեծ ռիսկ․ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը 100 անգամ պակաս է, քան կանանց մոտ։
Երկրորդը՝ տարիքը, որի հետ կապված քաղցկեղի ռիսկը մեծանում է, և ամենաշատ դեպքերը գրանցվում են 60 տարեկանից բարձր տարիքի կանանց մոտ։ Մյուս գործոնը, որն էլի կախված չէ մեզանից, գենետիկ նախատրամադրվածությունն է․ նշում ենք, որ այն ընտանիքները, որտեղ մայրական գծով՝ մոր, մորաքրոջ, տատիկի, ունեն քաղցկեղի դեպքեր, ավելի հաճախ երիտասարդ տարիքում՝ մինչև 40 տարեկանն են դրսևորվել, ապա այդ ընտանիքների կանայք պետք է ավելի զգույշ լինեն։ Այստեղ շատ կարևոր են BRCA 1 և BRCA 2 գեները, որոնք պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման համար, այսինքն օրգանիզմում այդ գեների առկայության պարագայում մենք պաշտպանված ենք քաղցկեղի գործոններից, եթե այդ գեները մուտացված են, ապա նվազում է մեր պաշտպանվածությունը քաղցկեղածին գործոններից։ Առայժմ հասանելի են այդ գեների մասին տեղեկությունները, բայց ոչ ոք չի կարող վստահեցնել, որ չկան էլի ինչ-որ գեներ, որոնք պատասխանատու են կրծքագեղձի քաղցկեղի համար։

Բացի մայրական գծից, այժմ նաև կարևորվում է հայրական գծի ծանրաբեռնվածությունը։ Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող տղամարդու ընտանիքում այդ տղամարդու աղջիկները, որդիներն ու ազգականները պետք է շատ զգույշ լինեն։ Վերջերս ունեցանք մի դեպք, երբ ընտանիքի պապիկն էր մահացել կրծքագեղձի քաղցկեղից, հիվանդությունը հայտնաբերվեց իրենց հոր, այժմ էլ՝ որդու մոտ։

Նշեմ, որ այն կանայք, որոնց հայրերը ունեցել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, շագանակագեղձի քաղցկեղ, ևս խոցելի են կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ։

Մեզանից կախված չէ նաև վաղ մենարխեի (առաջին դաշտան) գործոնը և ուշ դաշտանադադարը, այսինքն խնդիրը հետևյալն է՝  եթե կինն իր կյանքի ընթացքում ունենում է շատ դաշտանային ցիկլեր, այդ պարագայում ինքն ավելի խոցելի է, և երբ դաշտանը սկսվում է 12 տարեկանից շուտ և ավարտվում է 55-ից ուշ, բնականաբար կյանքի ընթացքում ունեցած ցիկլերի քանակը շատ է լինում։

Այստեղ կարևորում ենք նաև հղիությունների քանակը, որովհետև հղիությունների ընթացքում դաշտանային ցիկլը դադարում է, այն դադարում է նաև կերակրման հիմնական շրջանում։

Մեզանից կախված, այսինքն կառավարելի ռիսկի գործոններից են առողջ ապրելակերպը, չծխելը, կոֆեինի քիչ քանակը, մարզվելը, առաջնային հղիության պլանավորումը, քանի որ կարևոր է, որ կինը մայրանա մինչև 30 տարեկանը, մինչև 35 տարեկանը ինչքան շատ երեխաներ՝ կինը հեռու կլինի քաղցկեղից։ Նշեմ, որ ռիսկի գործոններից է նաև ուշ ծննդաբերությունը, հատկապես ուշ առաջնային ծննդաբերությունը։ Ինչպես նաև կարևոր է իմանալ, որ թեև կրծքով կերակրումը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը, բայց չարաշահել ընդհուպ մինչև 3-5 տարի, չի կարելի։
Իհարկե, անկախ ռիսկի այս և այլ գործոններից՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հստակ օրինաչափություններ չկան, և այժմ մեր գործունեության հիմնական նպատակը ոչ թե քաղցկեղ հայտնաբերելն է, այլ նախաքաղցկեղային վիճակները, որոնք չհայտնաբերվելու դեպքում ժամանակի ընթացքում դրսևորվում են որպես քաղցկեղ։
-Նախաքաղցկեղային այդ վիճակների հայտնաբերման ինչպիսի՞ հնարավորություններ կան։ 

-Կրծքագեղձի քաղցկեղը միանգամից չի առաջանում, դրա ձևավորման համար պետք են տարիներ։ Հենց այդ ձևավորման շրջանում գոյություն ունի մինչմամոգրաֆիկ շրջան, երբ հնարավոր չէ անգամ մամոգրաֆիայով ֆիքսել խնդիրը և գոյություն ունի մինչկլինիկական շրջան, երբ քաղցկեղը դեռ կլինիկորեն շոշափելի չէ․ հենց այդ փուլի վրա է կառուցվում մեր ողջ սքրինինգային ծրագիրը՝ հաշվի առնելով, որ քաղցկեղի ձևավորման համար հիմնականում  պետք է 6-10 տարի, գուցե և ավելի։

Նախաքաղցկեղային վիճակները հայտնաբերելու համար այսօր շատ հնարավորություններ կան, որոնցից մեկը մամոգրաֆիկ հետազոտությունն է, հանձինս թվային մամոգրաֆիայի, 3 D ծրագրով շերտագրման, որտեղ միլիմետր առ միլիմետր շերտագրմամբ մենք կարողանում ենք զննել կուրծքը, կոնտրաստ մամոգրաֆիայի, որը թույլ է տալիս հայտնաբերել անգիոգենեզը, այսինքն՝ անոթավորումը՝ այն ակտիվ անոթային ցանցը, որն առաջինն է ձևավորվում քաղցկեղային օջախի շուրջը։ ՄՌՏ հետազոտությունը ևս մեծացնում է խիտ կրծքերի դիտարկման հնարավորությունը, իսկ խիտ կուրծքը ևս համարվում է ռիսկի գործոն։ Այսինքն կան բոլոր հնարավորությունները, և մնում է մեր կանայք գիտակցեն, որ եթե հայտնաբերում են քաղցկեղն այդ նախնական փուլում, ապա իրենք զերծ են մնում իրենց համար սարսափելի թվացող քիմաթերապիայից, ճառագայթային թերապիայից ու մեծածավալ վիրահատությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/10/30/1379746/

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook