Ինչո՞ւ ինքնաբուժությամբ չզբաղվել. ❓ ծնողների կողմից հաճախ արվող սխալներ, որոնք կարող են ազդել երեխայի առողջության վրա
Մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող խնդիրներ, որոնց դեպքում ծնողներն ինքնաբուժություն են իրականացնում
Ինքնաբուժության վտանգների մասին հաճախ է խոսվում և այս անգամ մենք անդրադառնում ենք երեխաների շրջանում իրականացվող ինքնաբուժությանը՝ ծնողների կողմից:
Zarkerak.am-ը զրուցել է ԵՊԲՀ «Հերացի» պոլիկլինիկայի ղեկավար Աննա Բալյանի հետ, որի խոսքով ամենահաճախ հանդիպող խնդիրները, որոնց դեպքում ինքնաբուժությամբ են զբաղվում ծնողները՝ հաճախակի կրկնվող շնչառական վարակներն են, երբ ծնողները մտածում են, «քանի որ վարակը կրկնվում է, ճիշտ կլինի դեմն առնել, ու մի հատ հիմնավոր բուժում են անցկացնում»: Բժիշկն ասում է, որ ծնողներն ինքնաբուժությունն այս պարագայում անում են հաճախ բժիշկներին չվստահելով, չհավատալով, ու չիմանալով, որ մանկական հասակում տարեկան 8-10 անգամ սուր շնչառական վարակը համարվում է նորմալ և սա կապված է երեխաների իմունիտետի կազմավորման հետ ու տարիքի ընթացքում հիվանդացության քանակը պակասում է:
«Չիմանալով սա, ծնողներն ունենում են խիստ անհանգստություն և մեկնաբանում են այսպես, որ երեխան անընդատ հիվանդանում է, իսկ բժիշկը «նորմալ» դեղ չի նշանակում ու ավելի լավ է իրենք նորմալ անտիբիոտիկ տան»,-ասում է մանկաբույժն ու հավելում, որ այս դեպքում բժիշկը հակաբիտոիկ չի նշանակի, որովհետև սուր շնչառական վարակը, ըստ էության, իր ժամանակն ունի՝ մի քանի օր է ու անցնում է:
«Մենք իրականացնում ենք սիմպտոմատիկ բուժում, այսինքն՝ ջերմություն ունի՝ դա ենք իջացնում, քթերից հոսք կա, կամ հակառակը, ունենք քիթըմպանային խցվածություն՝ քիթն ենք լվանում, խոնավեցնում: Այսինքն, ընդամենը պետք են քթի կաթիլներ, հեղուկ, խնամք, ու եթե ջերմություն կա՝ ջերմիջեցնող: Իսկ դեղորայքի մասին բժիշկը կասի քանի անգամ ու որ դեղաչափը: Ծնողները նույնիսկ այս ջերմիջեցնողների դեպքում են դրսևորում ինքնուրույնություն՝ տալիս են երբեմն նույն խմբի ջերմիջեցնողներ միաժամանակ, տալիս են ավելի հաճախ, քան պետք է (մենք խորհուրդ ենք տալիս օրվա մեջ 4 անգամ, իրենք տալիս են 6-7 անգամ), կարող է տան դեղաչափից շատ, կամ կարող են տալ երկու տարբեր դեղեր: Այսինքն ռիսկ ունենք, որ երեխայի ջերմությունը խիստ կիջեցնեն՝ շատ ցածր թվերի կբերեն, որն արդեն հիվանդանոցային բուժօգնության կարիք կունենա՝ նման դեպքեր եղել են»,- նշում է «Հերացի» պոլիկլինիկայի ղեկավարը: Բժիշկը ներկայացնում է ամենահաճախ հանդիպող սխալներից մեկը, որը նույնպես կապվում է ջերմաստիճանի հետ: Ասում է՝ բժիշկները խորհուրդ են տալիս 38.5-ից բարձր ջերմությունը իջեցնել, բայց ծնողներ կան, որ իրենց խիստ անհանգստության պատճառով, օրինակ իջեցնում են 37.3-ի պայմաններում, որն անթույլատրելի է, որովհետև օրգանիզմն ինքը պետք է պայքարի և պետք է թույլ տալ, որ իր ուժերը մոբիլիզացնի և պայքարի իր համար թշնամի հանդիսացող որևէ վիրուսի դեմ:
Մինչև 3 տարեկաննների դեպքում 98 տոկոսի մոտ վիրուսային վարակների համար հատուկ դեղամիջոց չկա, շեշտում է մասնագետն ու հավելում, որ եթե չկա բարդություն, եթե չկա արդեն գումարված թոքաբորբ, կամ այլ վարակներ, այլ անելիք չկա՝ միայն հեղուկներ, ջերմիջեցնող և սիմտոմատիկ․ «ընդ որում, սիմպտոմների մեջ ուզում եմ նշել, որ հազն է, որի համար որևէ դեղի կարիք չկա, մինչև 5 տարեկանը հակահազային որևէ դեղամիջոց, այսինքն խորխաբեր միջոցներ խորհուրդ չի տրվում: Եվ շատ հաճախ ծնողներն իրենց մտածելով, հարևանի կամ բարեկամների խորհուրդներով ուղղորդվում են և տալիս են միջոցներ, որոնք կարող են լինել վտանգավոր, քանի որ, երբ խորխաբեր ենք տալիս, երեխան խորխի այդ քանակը չի կարողանում արտահանի ու խորխը հավաքվում է, և կարող է լինել երեխայի համար վտանգավոր: Շատ հաճախ տալիս են դեղեր, որոնք ընկճում են հազի կենտրոնը, իսկ հազը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Այսինքն ընկճել հազը պետք չի, որովհետև խորխը, որն արտադրվում է, կկուտակվի և մենք կունենանք թոքաբորբի զարգացման ռիսկ»,- ասում է Բալյանը:
Անտիբիոտիկի կիրառման վտանգները
Ինչպես վերևում նշեցինք, ծնողները հաճախ են երեխայի թեթև հիվանդացության պարագայում կիրառում անտիբիոտիկներ՝ անհարկի: Իսկ իրականում, ամբողջ աշխարհում ոչ միայն ծնողները, այլ նաև որոշ բժիշկներ են դրանք անհարկի կիրառում բուժման ընթացքում:
Մեր զրուցակիցը բժիշկների շրջանում տարածված աֆորիզմ է օրինակ բերում, ցույց տալու համար, թե որքան լլուրջ պետք է վերաբերվել անտիբիոտիկների կիրառմանը:
«Անտիբիոտիկների կիրառման ցուցումներն այնպիսին են, ինչպիսին վիրահատական միջամտության ցուցումներն են»,- ասում է նա․ «Այսինքն, պատկերացնում եք ինչքան լուրջ պետք է մենք դիտարկենք անտիբիոտիկը պե՞տք է, թե՞ ոչ՝ կվիրահատե՞նք պացիենտին, թե՞ ոչ: Դրանով նույնիսկ կարելի է սահմանափակվել»:
Մանկաբույժի խոսքով, անտիբիոտիկները ռիսկ ունեն ալերգիայի առաջացման, աղիների միկրոֆլորայի խեղաթյուրման, որովհետև դրանք ճնշում են նորմալ ֆիզիոլոգիական միկրոֆլորան ու օրգանիզմը դրա հետևանքով ունենում է աղիքային խանգարումներ: Եթե անտիբիոտիկների ստացումն արվում է ներարկման ձևով արդեն ռիսկ է լինում տեղային վտանգների:
«Օրգանիզմը սովորում է այդ միկրոբին, այլևս այդ անտիբիոտիկին բանի տեղ չի դնում, միկրոբներն սկսում են սովորել ու ստիպված մենք մեկից անցնում ենք ավելի ուժեղին: Օրգանիզմի իմունիտետը ճնշում են անտիբիոտիկները, այսինքն մենք որոշ ժամանակ հետո այլևս էֆեկտ չենք կարողանա ունենալ, երբ անտիբիոտիկ կիրառենք»,- ընդգծում է մասնագետը:
Նա նաև նշում է, որ այժմ անտիբիոտիկների ավելի ազդեցիկ տեսակներ են ստեղծվում, որոնցում, օրինակ կան տարրեր որոնք ազդում են ստամոքսի վրա և հնարավոր է դրանց կիրառման հետևանքով փորլուծություն, աղիների ֆունկցիայի խանգարումներ և այլ խնդիրներ առաջանան: Մանկաբույժը զգուշացնում, հորդորում է ծնողներին՝ անհարկի անտիբիոտիկները չկիրառել երեխաների պարագայում, նախ դրանց նկատմամբ իմունիտետ չձևավորելու համար, և երկրորդը՝ նշված խնդիրներից խուսափելու համար:
Արաքսյա Փաշոյան