Ինչպես պահպանել ձայնը շոգ եղանակին
Ամռան տապն ու շոգ եղանակը խիստ վտանգավոր են ձայնային ապարատի համար, հատկապես ձայնախոսքային մասնագետների դեպքում, որոնք մասնագիտական գործունեության շրջանակում ինտենսիվ օգտագործում են ձայնը:
«Հերացի» պոլիկլինիկայի լոգոպեդ Մերի Շաբոյանը ներկայացրել է շոգ եղանակին ձայնի պահպանման վերաբերյալ օգտակար և արդյունավետ մի շարք խորհուրդներ:
Շոգին ձայնի համար առավել տարածված հիմնական ռիսկերը
Ջրազրկում:
Բարձր ջերմաստիճանը նպաստում է խիստ քրտնարտադրությանը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ։ Եթե ջրի ընդունումն անբավարար է, խանգարվում է կոկորդի լորձաթաղանթի խոնավացումը, ինչի արդյունքում այն դառնում է չոր, խոցելի՝ բորբոքումների նկատմամբ։
Օդի խոնավության նվազում:
Շոգ եղանակին օդը հաճախ դառնում է չոր՝ նվազեցնելով շնչառական ուղիների խոնավությունը։ Սա մեծացնում է կոկորդի լորձաթաղանթի վնասման հավանականությունը և ստեղծում բարենպաստ պայմաններ վերին շնչուղիների վարակների զարգացման համար։
Շնչառական համակարգի ծանրաբեռնվածություն:
Շոգին օրգանիզմը ստիպված է լինում առավել ակտիվորեն գործել՝ ծանրաբեռնելով սրտի և թոքերի աշխատանքը։ Արդյունքում շնչառությունը արագանում է, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում ձայնային ապարատի վրա։
Լարինգիտի զարգացման բարձր ռիսկ:
Շոգ եղանակին ակտիվանում են ալերգիկ ռեակցիաները, գրգռվում է կոկորդի լորձաթաղանթը՝ նպաստելով սուր կամ քրոնիկ լարինգիտի առաջացմանը։ Դրա հիմնական ախտանիշներն են՝ ձայնի խռպոտություն, հնչեղության կորուստ, կոկորդի ցավ, քորի զգացողություն, երբեմն՝ ձայնի լրիվ կորուստ։
Սննդակարգի և հանգստի խանգարում:
Շոգ եղանակին հաճախ նվազում է ախորժակը, խաթարվում է քունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես ընդհանուր առողջության, այնպես էլ ձայնային ապարատի գործունեության վրա։ Քնի խանգարման դեպքում կոկորդի մկանային համակարգը, զրկված լինելով հանգստից, աստիճանաբար կորցնում է իր աշխատունակությունը՝ նպաստելով ձայնի խանգարման առաջացմանը:
Օդորակիչների ազդեցություն:
Ամռան տապին մարդիկ հաճախ օգտագործում են օդորակիչներ, որոնք չորացնում են կոկորդի լորձաթաղանթը։ Սա կարող է նպաստել ձայնի խանգարումների առաջացմանը։
Քթային շնչառության խանգարում:
Շոգին մարդիկ հաճախ շնչում են բերանով, ինչի հետևանքով կոկորդի լորձաթաղանթը չորանում է և կարող է հանգեցնել ձայնային ապարատի գործունեության խանգարմանը։ Սակայն պետք է իրազեկ լինենք, որ քթով շնչելիս օդը մաքրվում է մանրէներից, խոնավանում և նոր միայն անցնում դեպի թոքեր։
Մասնագետը հորդորում է շոգ եղանակի բացասական ազդեցությունից ձայնը պաշտպանելու համար հետևել պարզ, բայց արդյունավետ խորհուրդներին․խմել մաքուր ջուր՝ փոքր կումերով և պարբերաբար՝ ողջ օրվա ընթացքում,
խուսափել կոֆեին և ալկոհոլ պարունակող ըմպելիքներից, որոնք ուժեղացնում են ջրազրկումը,
տանը և աշխատավայրում օգտագործել օդը խոնավացնող սարքեր (խոնավացուցիչ),
սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից,
պահպանել առողջ սննդակարգ, ապահովել լիարժեք, որակյալ քուն,
ձայնային ծանրաբեռնվածությունից խուսափել, եթե կոկորդում առկա է անհարմարության կամ գրգռման զգացողություն։