Ինչպես պահպանել սիրտը շոգ եղանակին
Վերջին տասնամյակում գլոբալ տաքացման հետևանքով կլինիկական փոփոխությունները ամռանը շատ ավելի արտահայտված են դարձել, շոգ եղանակի տևողությունը ավելի երկար է: Շոգ եղանակը ազդում է թե՛ առողջ անձանց, թե՛ սիրտ-անոթային համակարգի և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց վրա:
Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը նշում է, որ կլիմայական փոփոխությունները էականորեն բարձրացնում են սիրտ-անոթային համակարգի բարդությունների ռիսկը՝ մասնավորապես ինսուլտների, զարկերակային ճնշման տատանումների և հոսպիտալացման դեպքերի աճով։
Ինչպես պաշտպանել սիրտը շոգ եղանակին
Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, շատ շոգ ժամերին ցանկալի չէ գտնվել բացօթյա տարածքներում։
Զերծ մնացե՛ք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սահմանափակեք ծանր աշխատանքները՝ հատկապես բաց տարածքներում։
Աշխատե՛ք լինել հով վայրերում:
Հաճախակի լոգանք ընդունե՛ք, քանի որ հաճախակի լողանալը կամ ծովում լինելը նվազեցնում է շոգ եղանակի ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:
Որպեսզի կանխեք ջրազրկումը՝ օգտագործեք շատ հեղուկներ:
Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր։ Ջրազրկումը կարող է հանգեցնել երիկամների ֆունկցիայի խանգարման։
Ամռանը հաճախ նկատվում է արյան ճնշման իջեցում։ Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի դեղերի կամ դեղաչափի փոփոխություն: Խոսե՛ք բժշկի հետ դեղաչափերը հստակեցնելու համար։
Հետևե՛ք սննդակարգին: Նախընտրելի է ուտել բուսական սնունդ։ Խուսափեք ծանրամարս կերակուրներից, որոնք լրացուցիչ բեռ են մարմնի համար շոգ պայմաններում։
Զգուշացե՛ք ալերգիկ ռեակցիաներից: Շոգ եղանակին հաճախ են հանդիպում մաշկի կարմրություն, ցանավորում և գույնի փոփոխություն։ Պաշտպանեք մաշկը՝ կրելով թեթև, բաց գույնի հագուստ։
Սիրտ-անոթային խնդիրներ, զարկերակային հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադիր լինեն՝ օրգանիզմի ցանկացած փոփոխության դեպքում դիմելով բժշկի։
Ամառը կարող է լինել հաճելի ու հանգիստ, եթե հետևեք մասնագետների խորհուրդներին։ Հիշեք՝ կանխարգելումն ավելի արդյունավետ է, քան բուժումը։