Լողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույց
Լողավազաններից օգտվելն անչափ օգտակար է առողջության, ֆիզիկական ակտիվության և հանգստի տեսանկյունից: Լողավազանի օգտակար կողմերը բազմաթիվ են` այն պարգևում է բավարար ֆիզիկական և հոգեկան առողջություն, զարգացնում է սրտանոթային համակարգը, ուժեղացնում է մկանները և համատեղելի է բոլոր տարիքների համար, օգնում է քաշի վերահսկմանը, նվազեցնում է հոդերի բեռը (իդեալական է արթրիտով մարդկանց համար): Լողը նաև նվազեցնում է սթրեսը և անհանգստությունը, օգնում է կենտրոնացմանը և թուլացմանը: Այն նաև ընտանեկան և ընկերական ժամանցի հիանալի տարբերակ է, երեխաները սովորում են թիմային աշխատանք, կարգապահություն։ Մեզ հասանելի տվյալների համաձայն, Հայաստանում լողավազաններից օգտվողների մեծ մասը` 66%-ը 15–64 տարեկաններն են, 0–14 տարեկանները կազմում են գրեթե 20%, իսկ` 65+ տարիքը՝ մոտ 14%: Այսօր բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ լողը կարելի է սկսել շատ վաղ տարիքից, բայց այն պետք է համապատասխանեցվի երեխայի զարգացման մակարդակին։
Ահա ընդհանուր ուղեցույցը՝ ըստ տարիքային խմբերի.
նորածիններին (0-6 ամսական) խրախուսվում է ջրի հետ զգուշորեն ծանոթանալը (օրինակ՝ գոգաթիակում, հատուկ մանկական լողավազաններում՝ ծնողի ուղեկցությամբ), որի նպատակն է ջրի հանդեպ վստահություն ձևավորելը, ոչ թե լողի տեխնիկա սովորելը։
Այս տարիքի համար շատ կարևոր է ջրի ջերմաստիճանը (մոտ 32-34°C) և անվտանգությունը։
6 ամսականից մինչև 3 տարեկաններին խրախուսվում է մանկական լողի խմբակներ հաճախելը` ծնողի ներկայությամբ։ Սովորեցնում են վարժություններ՝ ջրի մեջ շարժվելու, փչելու, ցայտելու և գլուխը ջրի տակ պահելու համար։
3-ից 4 տարեկանում կարելի է սկսել լողի տարրական հմտությունների ուսուցում՝ խաղերի և հատուկ մանկավարժական մեթոդների միջոցով։ Այս տարիքում երեխան սկսում է ինքնուրույն ջրի վրա մնալ։
4-5 տարեկանից սկսած արդեն կարելի է սովորեցնել լողի կոնկրետ ոճեր։ Այդ տարիքում երեխաները սովորաբար պատրաստ են մասնակցելու լողի դասերին առանց ծնողի ուղեկցության։
Անվտանգ լողալու և լողի հետ կապված հնարավոր ռիսկերը կանխելու համար պետք է լինել տեղեկացված`
- խեղդվելու վտանգ, հատկապես երեխաների և լողալ չիմացող մարդկանց մոտ, այս դեպքում լողավազաններում ուշադիր չլինելը կարող է հանգեցնել դժբախտ պատահարների,
- վարակիչ հիվանդություններ` ջրի միջոցով փոխանցվող վարակներ (օրինակ՝ շնչուղիների, աղիքային, աչքի, մաշկի և լորձաթաղանթների վարակներ),
- քիմիական նյութերի ազդեցություն, մասնավորապես քլորը կարող է գրգռել աչքերը, մաշկը կամ շնչուղիները, չափից շատ քլոր պարունակող ջուրը երկարաժամկետ կարող է վնասակար լինել մաշկի, աչքերի լորձաթաղանթի և աղեստամոքսային ուղու համար,
- սայթաքում և վնասվածքներ, թաց հատակների պատճառով մարդիկ կարող են սայթաքել ու վնասվել։
Անվտանգության կանոնները, որոնք անհրաժեշտ են լողավազանում և ընդհանուր են բոլորի համար`
- Մշտապես լողալ հսկողության տակ (հատկապես երեխաները)։
- Լողալ միայն մաքուր և ստուգված լողավազաններում։
- Մի մտեք ջուրը, եթե հիվանդ եք կամ մաշկային վարակ ունեք։
- Մի անցեք լողավազանի խորը հատված, եթե լավ չեք լողում։
- Չլողալ հյուծված վիճակում կամ հարբած։
- Մի վազեք լողավազանի շուրջը՝ սայթաքելու վտանգ կա։
Երեխաների համար
- Երեխաները պետք է լինեն մեծահասակի մշտական հսկողության տակ։
- Օգտագործեք լողալու համար նախատեսված փրկարար բաճկոններ։
- Երբեք մի թողեք երեխային մենակ, անգամ մի քանի վայրկյանով։
Ջրի մաքրության և հիգիենայի համար`
- Նախքան լողավազան մտնելը մաքուր ցնցուղ ընդունեք,
- Մի մտեք լողավազան, եթե ձեր մոտ առկա են լուծ կամ այլ վարակիչ հիվանդության ախտանիշներ
- Փոքր երեխաների համար օգտագործեք հատուկ լողալու տակդիրներ։