Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կործանելով ոչ միայն պտուղը, այլև ինքդ քեզ․ աբորտի աղետալի հետևանքները

հարցազրույց «Տեմպուս մեդ» գինեկոլոգիական և ուռոլոգիական կենտրոնի հիմնադիր, մանկաբարձ-գինեկոլոգ Ժաննա Հովհաննիսյանի հետ

Հայաստանում աբորտների տարեկան թվաքանակն արդեն վաղուց հատել է «սպառնալից երևույթ» որակվելու սահմանագիծը և հասել ծայրահեղ վտանգավորության մակարդակի։ Բժիշկները, այս առումով, ունեն լոկ խորհրդատվակա՞ն, ֆիզիկակա՞ն բնույթի օգնության գործառույթ, թե՞ նրանցից ակնկալվում է ավելին՝ աբորտի մտադրություն ունեցող կնոջ հետ բացատրական, ինչո՞ւ չէ՝ նաև հոգեբանական ու քարոզչական աշխատանք իրականացնելու իմաստով։

-Օրինակ՝ 2-րդ բուժմիավորման պոլիկլինիկայում իմ երկարամյա աշխատանքի ընթացքում հաճախ էին պատահում դեպքեր, երբ իմ բժշկական հսկողության տակ գտնվող հղիները գալիս և ցանկություն էին հայտնում իրենց հղիությունն ընդհատելու։ Իրենց մտադրությունը պատճառաբանում էին սոցիալական, աշխատանքային, ներընտանեկան և այլ խնդիրներով։ Ես նրանցից յուրաքանչյուրի հետ երկար զրուցում էի՝ բացատրելով, որ պետք չէ դիմել այդ քայլին, նաև հիմնավորելով, թե ինչու պետք չէ դիմել այդ քայլին։ Եթե կա հղիություն, ապա կարևոր չէ՝ պտուղը քանի շաբաթական է․ կա ձվաբջջի բեղմնավորում, ուրեմն՝ արդեն կա կյանք, կա հոգի։ Ես փորձում էի նրանց գիտակցությանը հասցնել այն միտքը, որ հղիությունն ընդհատելով՝ մեղք են գործում Աստծո և բնության առաջ։ Յուրաքանչյուր պտուղ Աստծո պարգև է, նոր կյանք է, և եթե ունես հավատք, ունես հոգևոր հիմք քո ներսում, չպիտի անտեսես դա՝ առաջնորդվելով նյութական շարժառիթներով, որքան էլ որ դրանք հիմնավոր լինեն։ Ես նման դեպքերում միշտ խորհուրդ եմ տվել քայլն անելուց առաջ գնալ ու երկար մտածել։ Աբորտն, ի վերջո, մարդասպանություն է․ կինը պիտի սա գիտակցի։ Եղել են դեպքեր, երբ իմ խոսքերն արձագանք չեն գտել տվյալ հղի կնոջ սրտում, և նա, միևնույն է, իրագործել է իր մտադրությունը՝ դիմելով ուրիշ բժշկի։ Սակայն իմ պրակտիկայում եղել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ ինձ հաջողվել է մտափոխել կնոջը, և երեխան լույս աշխարհ է եկել։ Վերջիվերջո, եթե հղիությունը ցանկալի չէ, ապա կարելի է տարբեր միջոցներով պաշտպանվել հղիանալուց՝ ի սկզբանե կանխելով աբորտի հեռանկարը։ Դա նաև ֆինանսական առումով անհամեմատ պակաս ծախսատար է, քան հետագայում աբորտի ծախսերը հոգալը։ Ինչևէ, կանայք պետք է հստակ իմանան, որ հղիության ընդհատումը՝ ցանկացած ժամկետում, ծանր սթրես է օրգանիզմի համար և անհետևանք չի մնում։ Չէ՞ որ կնոջ ուղեղն՝ ընկալելով, որ առկա է հղիություն, սկսում է արտադրել համապատասխան հորմոնները և ղեկավարել հղիության ամբողջ ընթացքը։ 

Ինչպիսի՞ն է այդ հետևանքների՝ կնոջ օրգանիզմում առաջացրած ընդհանուր պատկերը։

-Երբ հղիությունն ընդհատվում է, օրգանիզմը չի հասկանում, թե ինչ կատարվեց։ Դրա հետևանքով ծագում են նախադրյալներ մի շարք հիվանդությունների համար, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղը ոչ մեկ անգամ արված աբորտների հետևանք է։ Հղիության առաջին փուլում կնոջ օրգանիզմում ավելանում է պրոգեստերոն հորմոնը, որն արգանդի տոնուսը ցածր է պահում՝ վիժում թույլ չտալու համար, իսկ հղիության երկրորդ եռամսյակում արդեն սկսում է ավելանալ էստրոգեն հորմոնի քանակությունը։ Հիմա պատկերացրեք, որ այդ ընթացքում տեղի է ունենում հղիության ընդհատում․ բնականաբար, առկա հորմոնները պիտի հարկադրված սկսեն ազդել թիրախ օրգանի վրա։ Առաջանում է արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի կամ կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ, քանի որ կուրծքն ու արգանդի լորձաթաղանթը կանացի հորմոն էստրոգենի թիրախ օրգաններն են։ Կան կանայք, ովքեր հղիությունն ընդհատում են տարվա ընթացքում մի քանի անգամ, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում նրանց օրգանիզմի հետ։ Ինչպես ասում են՝ քամի ցանողը փոթորիկ կհնձի։ Սակայն պետք է չմոռանալ, որ աբորտն աղետալի հետևանքներ է թողնում ոչ միայն ֆիզիկական, այլև հուզական առումով։ Աբորտը հանգեցնում է գլխուղեղի հիպոթալամիկ շրջանում ուրախության հորմոնի դիսբալանսին՝ հետագայում պատճառ դառնալով նևրոտիկ փոփոխությունների համար։ Հետևանքները թվարկելիս նշենք նաև մետաբոլիկ X համախտանիշը, որը հանգեցնում է արյան զարկերակային բարձր ճնշման և գիրության։ Աբորտներից հետո գիրացած կնոջ օրգանիզմի ճարպային շերտում, փաստորեն, նորից են սինթեզվել կանացի սեռական հորմոնները՝ էստրոգենները, և դրանք երկրորդային ձևով նորից են ազդել կնոջ արգանդի լորձաթաղանթի և կրծքագեղձի վրա՝ դրանով իսկ առաջացնելով մի արատավոր օղակ։ Կարճ ասած՝ օրգանիզմի համար յուրաքանչյուր աբորտ իր հետևանքներով հավասարազոր է երկրաշարժի։ Հղիությանը հաջորդում է երեխային կրծքով կերակրելու շրջանը, որը կրծքագեղձի գլխավոր գործառույթն է․ կաթնածորանների էպիթելիալ բջիջները պիտի կաթ արտադրեն՝ կաթի հորմոն պրոլակտինի ազդեցության տակ, և երբ այդ գործառույթը չի կատարվում, էստրոգենն ընտրում է կրծքագեղձը՝ որպես թիրախ օրգան՝ շարունակելով անընդհատ ավելացնել կաթնածորանների էպիթելիալ բջիջների, գեղձային բջիջների քանակը։ Քանի որ կաթնածորանների մեծացած գեղձերն իրենց բուն նպատակին չեն ծառայում, ամեն մի աբորտից հետո կուտակված ու չիրացված բջիջները, ի վերջո, վերափոխվում են քաղցկեղային բջիջների։ 

Իսկ հղիությունը կանխարգելող միջոցները, օրինակ՝հորմոնալ հակաբեղմնավորիչները, կարո՞ղ ենք համարել բացարձակապես անվտանգ։

-Հորմոնալ հակաբեղմնավորիչները, ինչպես գիտեք, ձվարաններում կանխում են ձվաբջջի ձվազատումը՝ թույլ չտալով հղիություն, սակայն եթե խոսում ենք դրանց՝ լիովին անվտանգ լինելու մասին, ապա այդպես չէ։ Յուրաքանչյուր հակաբեղմնավորիչ դեղամիջոց պարունակում է երկու բաղադրիչ՝ էստրոգենային և պրոգեստերոնային։ Էստրոգենն, ինչպես արդեն նշեցի, ունենում է քաղցկեղածին ազդեցություն, բացի այդ՝ արյան մեջ ավելացնում է թրոմբոցիտների, ֆիբրինոգենի քանակությունը՝ համապատասխանաբար բարձրացնելով թրոմբ առաջացնելու ունակությունը։ Եթե այդ դեղամիջոցներն ընդունող կինն ունի արյան խտության գենետիկ մուտացիաներ, այսինքն՝ թրոմբոֆիլիա, և դրան էլ գումարվում է էստրոգենի ազդեցությունը, ապա դա կարող է հանգեցնել արյան խտության բարձրացման այնպիսի աստիճանի, որ մի օր երակներից կարող է թրոմբ պոկվել և պատճառ դառնալ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, սրտամկանի ինֆարկտի, կաթվածի համար, առավել ևս, եթե առկա են այդ հիվանդությունների առաջացման բարձր ռիսկեր։ Այսպիսով, կան որոշակի հիվանդություններ, որոնց վտանգի դեպքում կնոջ համար հորմոնալ հակաբեղմնավորիչները հակացուցված են։ Հղիության կանխարգելման նպատակով առկա պաշտպանիչ միջոցները, սակայն, բազմաթիվ են։ Անվտանգ են, օրինակ, տղամարդկանց և կանանց համար նախատեսված պահպանակները, հակաբեղմնավորիչ մոմիկները։ Ի դեպ, ամենասխալ տարբերակներից մեկը համարում եմ ներարգանդային պարույրները։ Իսկ որպես ամենաապահով մեթոդ կարող եմ նշել արգանդափողերի կապումը։

Անդրադառնանք նաև սեռով պայմանավորված աբորտներին, որոնք բարձր տոկոս են կազմում մեր երկրում։ Ի՞նչ գնահատական կտաք այդ երևույթին։

-Պտղի սեռն ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է պարզել 11-13 շաբաթական ժամկետում։ Այդ ժամանակ պտուղն արդեն 12-13 սմ չափի հասած, կազմավորված էակ է՝ փոքրիկ մարդ։ Եթե կինը, այդ կազմավորված էակն ունենալով իր ներսում, որոշում է ընդհատել հղիությունը, ապա մեծ հանցանք է գործում, ինչն անպատիժ չի մնում թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական դաշտում։ Երբևէ մտածե՞լ եք, որ պատահարների, պատերազմների և այլ ոչ բնական մահերի հետևանքով իրենց կյանքը չապրած տղաները հենց սելեկտիվ աբորտների հետևանքով լույս աշխարհ չեկած աղջիկ երեխաների ոչնչացման ակամա հատուցողն են։ Չէ՞ որ բնությունն իր օրենքներն ունի, ներդաշնակության, հավասարակշռության օրենքները՝ ի վերուստ սահմանված, և դրանց խախտումը երբեք անհետևանք չի մնում։ Մենք պիտի երևույթները դիտարկենք ու գնահատենք նախևառաջ հոգևոր տեսանկյունից։ Որովայնի պտուղը Աստծո պարգև է, յուրաքանչյուր հղիություն ևս պարգև է։ Որքա՜ն կանայք կան, որ տարիներ շարունակ բուժվում են, հսկայական գումարներ են ծախսում՝ հղիանալ կարողանալու համար․ նրանց համար ամենամեծ երազանքը երեխա ունենալն է, և երբեք չեն տարբերակում՝ աղջի՞կ, թե՞ տղա, միայն թե հղիանան, ու երեխան ծնվի։ Եվ այդ նույն ժամանակ հղիանալու պարգևին արժանացած այլ կանայք գնում ու հեռացնում են պտուղը։ Մի՞թե սա ընկալելի է և բնական է։ Եթե տվյալ կնոջ համար նախասահմանված է ունենալ աղջիկ երեխա, ուրեմն՝ պիտի ուրախությամբ ընդունի այդ ընծան, ոչ թե իր քայլերով ընդդիմանա վերարտադրության, իգական սեռի երեխաների բազմացման բնական օրենքին։ 

հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի

Նյութը՝ abort.am

x Close

Like Us On Facebook