Հայաստանում բուժծառայությունների որակի նոր մշակույթ կձևավորվի
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները նոր փուլ են մտնում:
Պացիենտի կարիքներին միտված, ժամանակին տրամադրվող, ծախսարդյունավետ բուժծառայություն. սրանք են որակի բարեփոխումների պարտադիր բաղադրիչները:
ԱՀԿ-ի գնահատականներով առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրները հանգեցնում են ներդրված միջոցների մի մասի անտեղի վատնմանը` անգամ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Հետևաբար բժշկական օգնության որակը բոլոր երկրների առողջապահական համակարգերում օրակարգային առաջնահերթ խնդիր է:
Այսօր կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բժշկական օգնության որակի վերաբերյալ արդի մոտեցումները, ԱԱՊ օղակի ուսումնասիրության ընթացքում բացահայտված որակի խնդիրները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:

Ռազմավարության նախագիծը մշակվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցությամբ: Համաշխարհային բանկի աջակցությամբ կորեական HIRA (Health Insurance Review & Assessment Service) կազմակերպությունը նախագծի մշակման համար տրամադրվել է խորհրդատվություն:
«Որակը առողջապահության կարևորագույն տարրերից է: Ծառայությունների հասանելիությունն արդյունավետ է միայն այն պարագայում, երբ համադրվում է որակյալ, պացիենտակենտրոն, անվտանգ և արդյունավետ ծառայությունների հետ, ուստի շատ եմ կարևորում սույն ռազմավարության ընդունումը և դրա հետագա իրագործումը»,-նշել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին:
Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան իր խոսքում ընդգծել է, որ առողջապահական կարիքներին համապատասխանող ծառայությունների մատուցումը յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման հիմքում են, ինչը հաշվի առնելով` ԱՀԿ-ն իր աջակցությունն է ցույց տալիս Հայաստանին նախատեսվող բարեփոխումների հարցում:
Աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հատկանշել է` ամեն ինչ արվելու է, որ այս ռազմավարությունը կյանքի կոչվի և չմնա զուտ «երազանք»: