Wednesday, October 8, 2025
Նորություններ

Հեռախոսները կարգելվեն դպրոցներում. դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց դա դրական քայլ է. Ավինյան

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի քաղաքապետարաին հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հնարավոր սահմանափակումներին Երևանում ծնողները մեծամասամբ ընկալունակ են. «Ոչ  միայն ընկալունակ են, այլև ավելին՝ աջակցում և խրախուսում էին»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակումներ կիրառել՝ ապահովելով իրավական հիմքերը։

Խաչատրյանը նաև նշեց՝  առաջարկվում է 1-ից 6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ «Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված կբերի հեռախոսը դպրոց, այն դասի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի, հետո արդեն թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, նաև պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Խիստ սահմանափակումներ կլինեն բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական մեկ երկու անգամ տեղի ունենալ։

Առաջարկվում է բոլոր դպրոցներում բոլոր իրավական հիմքերը ապահովել, մասնավորապես դպրոցի ներքին կարգապահական կանոններում ամրագրել անպայման, նախապես իրազեկել սովորողներին,  ծնողներին բոլոր հետևանքների մասին, այդ պայմանավորվածությունը ձեռք բերել, թե ինչ տեղի կունենա, եթե օրինակ այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվի հեռախոս։

Նաև առաջարկում ենք 15 դպրոցներում, ինչը ընդհանուր դպրոցների 10% ն է, որոնց բաշխվածությունը կլինի ըստ կրթական աստիճանների, սովորող թվի, աշխարհագրության, մոնիտորինգ իրականացնել և տարեվերջին, իհարկե նախապես գնահատումը ունենալով մինչև տոտալ արգելումը, գնահատենք ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական ցուցանիշները, ակտիվությունը և իհարկե առաջադիմության որակը»,–ասաց նա՝ հավելելով, որ առաջիկա 2 օրերին ծրագիրն ուղարկել դպրոցներին։

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ես առաջարկում եմ ամեն դեպքում ուղարկել կարծիքի առաջին հերթին, մի հատ ստանալ կարծիքները, ամփոփել կարծիքները և արդեն վերջնական լուծումները առաջարկել բոլորին։

Ես վստահ եմ, որ դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա, վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու»։

x Close

Like Us On Facebook