Saturday, April 11, 2026
Մանկան ԱնկյունՆորություններ

Յուրաքանչյուր հղիության ընթացք յուրահատուկ է, բայց մեկ բան ընդհանուր է բոլորի համար՝ ապագա մայրիկը կարիք ունի գիտելիքի, վստահության և աջակցության

Ապագա մայրիկին 🌸

🤰 Յուրաքանչյուր հղիության ընթացք յուրահատուկ է, բայց մեկ բան ընդհանուր է բոլորի համար՝ ապագա մայրիկը կարիք ունի գիտելիքի, վստահության և աջակցության։

Այս նպատակով բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրականացվում են հղիների համար դասընթացներ «Մայրության դպրոցներում»:

📚 Դասընթացները կառուցված են այնպես, որ քայլ առ քայլ ուղեկցեն կնոջը՝ հղիության առաջին փուլերից մինչև ծննդաբերություն և նորածնի խնամք, ուստի հղին «Մայրության դպրոց» հաճախելու համար, որոնք իրականացվում են կանանց կոնսուլտացիաներում, պետք է կատարի ևս հինգ լրացուցիչ այց մանկաբարձ-գինեկոլոգին։

🔹 Սկզբում հղիները ծանոթանում են իրենց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, հասկանում են պտղի զարգացման ընթացքը։
Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվում վտանգի նշաններին՝ որպեսզի յուրաքանչյուր կին իմանա՝ երբ և ինչպես արձագանքել։
🔹 Հաջորդ փուլում քննարկվում են առօրյային առնչվող կարևոր հարցեր՝ սնուցում, հիգիենա, ֆիզիկական ակտիվություն և հոգեկան հավասարակշռություն։
Հղիները սովորում են, թե ինչպես պահպանել առողջ ապրելակերպ և խուսափել վնասակար սովորույթներից։
🔹 Ծննդաբերությանը նախապատրաստման փուլում ապագա մայրիկները ստանում են գործնական գիտելիքներ՝ ինչպես ճանաչել կծկանքները, ինչպես պահել իրենց տանը, երբ դիմել ծննդատուն։ Բացատրվում է նաև ծննդաբերության ընթացքը, կնոջ զգացողությունները և ճիշտ վարքագիծը այդ ընթացքում։
➡️ Կարևոր շեշտադրում է արվում այն մտքի վրա, որ ծննդաբերությունը բնական գործընթաց է, և կինը դրա ակտիվ մասնակիցն է։
🔹 Վերջին փուլերում ուշադրությունը տեղափոխվում է արդեն նոր կյանքի սկզբին՝
մոր վերականգնում, նորածնի խնամք և կրծքով կերակրում։

Հղիները սովորում են՝
🔸 ինչպես խնամել նորածնին առաջին օրերից,
🔸 ինչպես կազմակերպել երեխայի օրվա ռեժիմը,
🔸 ինչպես ճիշտ սկսել և պահպանել կրծքով կերակրումը:

🤱 Հղիության 28-րդ շաբաթից սկսած ապագա մայրիկները մասնակցում են նաև հատուկ դասընթացների, որտեղ բացատրվում է՝ ինչու է կրծքով կերակրումը կարևոր, ինչպես ապահովել բավարար կաթնարտադրություն և ինչպես ճիշտ դիրքավորել երեխային։

🧠 Այն հղիները, ովքեր ունեն բարդ հղիություն կամ ուղեկցող հիվանդություններ, ստանում են նաև անհատական մոտեցում՝ լրացուցիչ խորհրդատվությամբ և պատրաստմամբ։

💬 Մասնակցե՛ք «Մայրության դպրոցների» դասընթացներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ հղիության, ծննդաբերության և նորածնի խնամքի ողջ ընթացքում։

x Close

Like Us On Facebook