Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր
2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․
2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
Ինչպես ներկայացնել հայտարարագիր
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով:
Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի https://apps.apple.com/am/app/self-portal/id6484275884
համար, Google Play Store-ում՝ Android-ի https://play.google.com/store/apps/details… համար։
Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Ինչպես օգտվել սոցիալական ծախսից
Հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։
Քաղաքացին կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել է ուսման վճար։
Ավելին՝ https://src.am/am/getNews/830