Ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը
Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ և հնարավորություն տալով հանրությանը և տնտեսվարողներին դրանց պատրաստվելու:
Այսպիսով` 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ դրույթները.


Վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների աչքի ընկնող ցուցադրությունը գրավում է երիտասարդներին, և նրանք հայտնվում են այդ արտադրատեսակների գովազդի ազդեցության տակ: Այդ ցուցադրությունը դրական վերաբերմունք է ձևավորում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ:
Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երախաների համար նախատեսված ապրանքների կողքը, երեխաների տեսադաշտի մակարդակին` տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը անվնաս առօրյա առարկա է:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։
Նշենք նաև, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը:
Միաժամանակ, օրենքով սահմանված այս դրույթների կիրարկումը հնարավորություն է ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, թոքերի քրոնիկ հիվանդությունները, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է COVID-19) նշված հիվանդություններով ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը: Ուստի, օրենքի դրույթները կյանքի կոչելը խիստ կարևոր և արդիական է:

