Thursday, October 9, 2025
Նորություններ

Պացիենտի հետ շփման մեջ գտնվող բուժաշխատողը չպետք է ունենա շիլլաք արած եղունգներ, կրի զարդեր. պահվո՞ւմ է արդյոք պահանջը

Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. սա այն պահանջն է, որ Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է հետևեն։

Մատանու շուրջը, երկար եղունգների տակն ու գելլաքի կողային հատվածները նպաստավոր միջավայր են մանրէների կուտակման համար, որի հետևանքով էլ, ըստ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Շողիկ Ավետիսյանի խոսքով, անհրաժեշտություն է առաջացել ընդունել տվյալ իրավական ակտը։

«Մեկ տարի առաջ է սահմանվել նախարարի հրամանը, սակայն ուժի մեջ մտավ այս տարվա հունիսից, որի նպատակն էր բուժաշխատողներին ծանոթացնել որոշման հետ։ Ներհիվանդանոցային վարակների 60 տոկոսը հիմնականում բուժաշխատողների ձեռքերի միջոցով են տարածվում։ Սա ամբողջ աշխարհի երկրների տվյալներն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ մասնագետի՝ երբ բուժաշխատողի եղունգներին գելլաք է արված, կա մատանի, ախտահանումը այդ դեպքում մանրէների վրա որևէ ազդեցություն չի ունենում, որովհետև ախտահանող նյութերը ոչնչացնում են մաշկի վրա առկա մանրէները․ «Հետևաբար այս կերպ է, որ պետք է պայքարենք ներհիվանդանոցային մանրէների դեմ։ Կարևոր բաղադրիչներից է նաև ձեռքերի հիգիենան։ Ինչքան էլ պահանջը դրվում է, եթե իրավական ակտ չկա, վերահսկելու լծակները չեն գործում։ Մինչ ակտի ընդունումը, փորձում էինք հրապարակումների միջոցով վարակների տարածման խնդրի պատճառը պարզաբանել բուժաշխատողներին, բայց գոհացուցիչ արդյունքներ չունեցանք, ուստի մշակեցինք սանիտարահիգիենիկ կանոններ»։

Այս կանոնները պարտադիր են թե՛ բուժհաստատությունների, թե՛ բուժաշխատողների համար: Այսինքն՝ բուժաշխատողները իրենց մասով ունեն հիգիենայի կանոններ, կան պահանջներ, որոնց պետք է հետևի բժշկական հաստատությունը․ «Նշված պահանջները վերաբերում են միայն պացիենտի հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողին։ Նա զարդերով, գելլաքով կարող է մանրէն փոխանցել պացիենտին, կամ տվյալ պացիենտից մանրէն վերցնել և փոխանցել այլ հիվանդի, կամ էլ առհասարակ թողնել, օրինակ, դռան բռնակին։ Բժշկական կազմակերպությունների մասով էլ պահանջ կա, որ, օրինակ, լվացարանները պետք է լինեն արմունկային կամ ոտնային կառավարման, ոչ թե պտտելու միջոցով»։

Բացի սահմանված սանիտարահիգիենիկ կանոններից՝ ձեռքերի հիգիենայի կանոնների պահանջ ունի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որոնք բաղկացած են հինգ փուլից․ ձեռքերը պետք է լվանալ կամ ախտահանել պացիենտին մոտենալուց առաջ և հետո, պացիենտի կենսահեղուկի՝ արյան, մեզի և այլնի հետ շփվելուց հետո, պացիենտի շրջակա սարքավորումներին դիպչելուց հետո, անկողնուն հպվելուց հետո։ Պարտադիր պահանջ է ձեռքերը ախտահանել կամ լվանալ բժշկական որևէ միջամտություն կատարելուց հետո։

ՀՎԿԱԿ-ի մասնագետը շեշտում է՝ բոլոր բուժաշխատողները, բժշկական տարբեր հաստատությունները, այդ թվում՝ թե՛ Առողջապահության նախարարության ներքո գործող, թե՛ մասնավոր, տեղյակ են սահմանված ու պարտադիր դարձած կանոններից։ Համաձայն դրանց՝ նաև բուժաշխատողը ձեռքերի հիգիենայի կանոնների վերաբերյալ ուսուցում պետք է անցնի աշխատանքի ընդունվելիս և դրանից հետո տարեկան մեկ անգամ։

Ավետիսյանը չի թաքցնում, որ բուժաշխատողները արդեն այս թեմայով դժգոհություններ են արտահայտել համապատասխան կառույցին․ «Հիմնականում դեմ են ժամացույցի վերաբերյալ արգելանքին։ Այսինքն՝ որոշ մասնագետներ կարիք ունեն աշխատանքի ընթացքում ժամացույց կրել, քանի որ դա անհրաժեշտ է լինում սրտի զարկերը հաշվելուց, նոպայի ժամերը ֆիքսելուց։ Այս մասով մենք քննարկում ենք, ուսումնասիրում միջազգային փորձը, որից հետո որոշում կկայացնենք»։

Չնայած, ըստ ՀՎԿԱԿ-ի համաճարակաբանի, այս կանոնները պարտադիր են նաև մասնավոր առողջապահական ընկերությունների համար, սակայն տարբեր սոցիալական էջերում հաճախ կարելի է հանդիպել բժշկական մասնավոր կազմակերպությունների հրապարակած տեսանյութեր, որտեղ տեղի բժիշկները անգամ հարցազրույցներ են իրականացնում վիրահատարանից, կրում զարդեր, թևնոցներ։ Ավետիսյանը հույս է հայտնում, որ այդ տեսանյութերը արվել են շատ վաղուց, այսինքն՝ նոր չեն, իսկ եթե նոր են, ապա, նրա խոսքով, պացիենտը նույնպես կարող է ահազանգել համապատասխան մարմնին նման խնդրի դեպքում։

Վերջինս ընդգծում է՝ ցանկացած քաղաքացու իրավունքն է ահազանգել իր առողջությանը վերաբերող ցանկացած դեպքի մասին։

armtimes.com

x Close

Like Us On Facebook