Սիրեք ձեր աչքերը. ինչպես կանխել և բուժել տեսողության խանգարումները
Այսօր տեսողության համաշխարհային օրն է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես տեսեղության համաշխարհային օր։
Այն տոնվում է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով հասարակությանն աչալուրջ լինել աչքերի առողջության նկատմամբ։
Այս տարի տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները անցկացվում են «Երեխաներ, սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել մանկության շրջանում տեսողության խնդիրների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման կարևորության վրա:
Տեսողության խանգարումների զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններն են՝
- >50 տարիքը․տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65%-ը և կույր անձանց 82%-ը 50-ից բարձր տարիքի են։
- Իգական սեռը /կանայք կրկնակի հաճախ են հիվանդանում/
- Ժառանգակական նախատրամադրվածությունը
- Հեռուստացույցի, համակարգչի, սենսորային հեռախոսների, պլանշետների պայծառ էկրանները
- Ծխելը
- Ոչ բալանսավորված, վիտամիններով աղքատ սնունդը
- Ավելորդ քաշը և ճարպակալումը
- Սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը
- Շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունները։
Տեսողության խանգարումների ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանշաններից են՝
- հեռու կամ մոտ պատկերները տեսնելու դժվարությունը
- ակնագնդում ցավի կամ անհարմարության զգացումը
- երկարատև կամ արտահայտված աչքերի կարմրածությունը
- արցունքահոսությունը
- աչքերի չորությունը
- աչքերում օտար մարմնի զգացողությունը
- լույսի հանդեպ աչքերի գերզգայունությունը
- երկարատև կամ ուժեղ քորի զգացումը
- սև բծեր կամ կայծեր տեսադաշտում, մշուշված տեսողություն։
Աչքի հիվանդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Մեկ կամ երկու ռիսկի գործոն ունեցող մարդկանց համար տարեկան 1-2 անգամ ակնագնդերի հետազոտությունը պետք է դառնա նորմա։ Տեսողության խանգարումների մասին վկայող ախտանիշներից թեկուզ մեկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել ակնաբույժի օգնությանը։ Մասնագետի կողմից իրականացված հետազոտությունները թույլ կտան վաղ շրջանում բացահայտել հնարավոր խնդիրները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Բժիշկը կարող է առաջարկել նաև տեսողության շտկման հնարավոր մեթոդներ։