Սուր շնչառական վարակներ
Հաշվի առնելով սուր շնչառական վարակների (ՍՇՎ) սեզոնային վերելքի շրջանը՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ դրանց տարածվածությանը և առանձնահատկություններին:
Սուր շնչառական վարակները ներառում են տարբեր հիվանդություններ, որոնք հարուցվում են մի շարք վիրուսների և բակտերիաների կողմից: Վիրուսային վարակներից առավել տարածված են գրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային (RSV), ռինովիրուսային, կորոնավիրուսային, ադենովիրուսային և այլ վարակները: Դրանք համընդհանուր տարածված հիվանդություններ են, որոնք կարող են ազդել բոլոր տարիքային խմբերի վրա։ ՍՇՎ-երը առաջացնում են վերին և ստորին շնչուղիների բորբոքում՝ որոշ դեպքերում հանգեցնելով լուրջ բարդությունների, հատկապես՝ ռիսկի խմբերի շրջանում (վաղ մանկական հասակի երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, հղիներ, իմունանբավարարությամբ անձինք):
ՍՇՎ-ների վարակի հիմնական աղբյուր են հիվանդ մարդիկ, ավելի հազվադեպ` կենդանիները և թռչունները: Այս վարակները փոխանցվում են օդակաթիլային և կոնտակտային մեխանիզմներով: Օդակաթիլային մեխանիզմն իրականացվում է վարակվածների փռշտալու կամ հազալու միջոցով արտազատված և օդում ցրված լորձային մասնիկների ներթափանցմամբ՝ 0,9 մետր շառավղով, իսկ 10 մկմ ցողված մանրդիսպերսային մասնիկները կարող են տարածվել մինչև 1,8 մետր և ավելին։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշնան և ձմռան ամիսներին գրանցվում է սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճ: Գրիպի և ՍՇՎ-երի համաճարակային սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբեր-հունվար ամիսներին: Ներկայում մեր երկրում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, պարագրիպի և COVID-19 հիվանդության հարուցիչները։
ՍՇՎ-երի հիմնական ախտանշաններն են՝
- Հազ և փռշտոց
- Ջերմություն
- Կոկորդի ցավ
- Մկանացավ
- Քթահոսություն
- Հևոց կամ շնչառության դժվարացում:
ՍՇՎ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է՝
- Պահպանել շնչառական հիգիենան՝ հազալու, փռշտալու էթիկետը, կրել դիմակներ,
- Պահպանել ձեռքերի հիգիենան՝ պարբերաբար լվանալ ձեռքերը, կամ ախտահանել,
- Ապահովել սենյակների բավարար օդափոխությունը,
- Խուսափել փակ տարածքներում մարդկանց կուտակումներից,
- Խուսափել հիվանդների հետ շփումից,
- Ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել մասնագետի խորհրդակցությանը, չզբաղվել ինքնաբուժմամբ,
- Արգելված է հատկապես հակամանրէային դեղամիջոցների կիրառումը՝ առանց բժշկի ցուցման։

