Տեսողության համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Սիրիր քո աչքերը»
Աչքի լուսաբեկման խախտումները (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ), կատարակտը, տարիքային մակուլյար դեգեներացիան, գլաուկոման, դիաբետիկ ռետինոպաթիան տեսողության խանգարման ամենատարածված պատճառներից են:
Տեսողության շեղումների վաղ հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև տեսողական խանգարումներով անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկական հաստատություններում անվճար իրականացվում է (ըստ բժշկական ցուցումների). տեսողության սրության որոշում,
ակնահատակի օֆթալմոլոգիական քննություն,
ներակնային ճնշման չափում,
գլաուկոմայով պացիենտների շարունակական հսկողություն:
Սրտանոթային համակարգի հիվանդությունների, այդ թվում` հիպերտոնիկ հիվանդությամբ, ինչպես նաև շաքարային դիաբետով բոլոր անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով ԱԱՊ բժշկական հաստատություններում տարեկան մեկ անգամ անվճար իրականացվում է ակնահատակի քննություն:
Նաև ԱԱՊ բժշկական հաստատություններում առողջության սքրինինգային ծրագրի շրջանակներում ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց մոտ գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվում է տեսողության սրության որոշում և ներակնային ճնշման չափում:
65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց 75 տոկոսն ունի այս կամ այն տիպի կատարակտ, իսկ 75 տարեկանից բարձրների մոտ այս հիվանդության տարածվածությունը կազմում է 90 տոկոս: Տեսողության վերականգնման շնորհիվ` պահպանվում է աշխատունակությունը և լիարժեք ապրելու հնարավորությունը:
Սոցիալական խմբերում ընդգրկված անձանց համար 2018 թվականից ի վեր, (ոսպնյակի տրամադրումով) կատարակտի էքստրակցիայի պետական պատվերով ծառայություն է մատուցվել 47.630 դեպքով, հատկացվել է 9 մլրդ 900 մլն դրամ:
2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացվել է 17․215 վիրահատություն, հատկացվել է մոտ 3,6 մլրդ դրամ:
Հայաստանը պատրաստ է նաև աչքի եղջերաթաղանթի դիակային դոնորության. մինչ այժմ դոնորային եղջերաթաղանթը բերվում էր այլ երկրներից, փոխպատվաստումը կատարվում էր Հայաստանում, հիմա մեր երկրում էլ ստեղծված են բոլոր պայմանները եղջերաթաղանթի դոնության համար. սա մի քանի անգամ ավելի մատչելի ու օպերատիվ կդարձի փոխպատվաստման գործընթացը: