Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

5 ամենատարածված արդարացումները, որ հորինում են ծխող մարդիկ՝ ծխախոտից չհրաժարվելու համար

Ծխախոտը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա, ուստի այդ վատ սովորությունից հարկավոր է ազատվել հնարավորինս շուտ: Սակայն մարդիկ բազմաթիվ արդարացումներ են հորինել, դա չանելու համար և շարունակում են վնասել իրենց ու շրջապատի առողջությանը: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Իմ աշխատանքը շատ լարված է և միայն ծխախոտն է օգնում հանգստանալ

Ապացուցված է, որ ծխող մարդկանց մոտ ավելի շատ են լինում անհանգիստ ու դեպրեսիվ վիճակներ: Աշխատանքի վայրում առաջացող սթրեսն էլ ավելի է խորանում՝ ծխելու հնարավորություն չունենալու պատճառով: Հաճախ մարդիկ ինքնաթիռում խուճապի են մատնվում ոչ թե բարձրության վախից, այլ ծխելու հնարավորություն չունենալու պատճառով:

Այսպիսով՝ ծխախոտը ոչ թե ազատում է սթրեսից, այլ էլ ավելի է վատացնում վիճակը:

2. Ես հեշտությամբ կհրաժերվեմ ծխախոտից, երբ ցանկություն ունենամ, իսկ հիմա այն ինձ դեռ դուր է գալիս

Այս կերպ կարող են վարվել միայն սկսնակները, որոնց մոտ դեռ չկա կախվածություն, սակայն այս սովորությունը շատ արագ վերածվում է հիվանդության և առաջանում է ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական կախվածություն:

  Այս դեպքում հարկավոր է լուրջ բուժում անցնել՝ ծխախոտային կախվածությունից ազատվելու համար:

Ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդությունները սկսում են խորանալ 10-15 տարի անընդմեջ ծխելուց հետո, սակայն առաջանում են շատ ավելի վաղ, ուստի պետք դրանք բուժել: Այդ հիվանդությունների շարքում են սրտանոթային հիվանդությունները, թոքերի ու երակների հիվանդություններն ու նույնիսկ իմպոտենցիան, ուստի ցանկալի է ընդհանրապես չծխել, իսկ ծխելու դեպքում ազատվել այդ վատ սովորությունից հնարավորինս շուտ:

3. Առանց ծխախոտի մտքեր չեն ծնվում, իսկ ես ստեղծագործող մարդ եմ

Ծխախոտը հանգեցնում է անոթների վնասվածքի, արյան շրջանառության խանգարման (այդ թվում նաև գլխուղեղում): Բացի այդ, խանգարվում է անոթներում թթվածնի անցանելիությունը, ինչը բացասաբար է ազդում հիշողության ու ստեղծագործ աշխատանքի վրա:

Նիկոտինային կախվածությունը հիվանդություն է: Բացի այդ, աշխատելու փոխարեն մարդն անընդհատ մտածում է ծխելու մասին:

4. Ամենուր մեքենաների արձակած գազերն են, վտանգավոր գոլորշիներն ու ռեագենտները, իսկ դուք ծխախոտից եք խոսում. սա ամենաանվտանգ բանն է

Շրջակայքում գտնվող բոլոր վնասակար գործոններից ամենավտանգավորը հենց ծխելն է: Իսկ այդ բոլոր գործոնների համատեղ ազդեցությունն էլ ավելի է ուժեղացնում մեկը մյուսի ազդեցությունը:

5. Ես ծխում եմ ամենաթույլ ծխախոտը, որն այդքան էլ վնասակար չէ

Սա ամենավտանգավոր մոլորությունն է, քանի որ նման ծխախոտները միայն հաջող մարքեթինգային քայլ են: Դրանցում պարունակվող քիչ քանակությամբ նիկոտինն ու խեժը միայն անվտանգության պատրանք են:

Հարկ է հիշել, որ անվնաս ծխախոտ գոյություն չունի: Առաջին հերթին՝ հիվանդանալու հավանականությունը չի նվազում: Երկրորդ՝ թույլ ծխախոտ օգտագործողները սովորաբար մի քանի անգամ շատ են ծխում: Բացի այդ, թույլ ծխախոտի ծուխը շատ ավելի վտանգավոր է շրջապատի համար:

Ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում, երբ նա հրաժարվում է ծխախոտից

Ծխախոտ օգտագործողների արդարացումներից մեկն էլ այն է, որ իրենք «այնքան երկար են ծխում, որ ծխախոտից հրաժարվելու համար արդեն ուշ է»: Սակայն Մարինե Ղամբարյանի հավաստմամբ՝ երբ մարդը դադարում է ծխել, նրա օրգանիզմում անմիջապես դրական փոփոխություններ են տեղի ունենում:

·         20 րոպե անց կարգավորվում են սրտի զարկերն ու արյան ճնշումը:

·         8 ժամ անց արյան մեջ թթվածնի մակարդակը հասնում է ճիշտ սանդղակին:

·         24 ժամ անց ածխածնի մոնօքսիդը (շմոլ գազ) դուրս է գալիս օրգանիզմից, իսկ թոքերը սկսում են մաքրվել:

·         48 ժամ անց բարելավվում է հոտի և համի զգացողությունը:

·         3  ամիս անց անհետանում է հազը, իսկ թոքերի գործառույթները բարելավվում են,

·         5 տարի անց սրտի կաթվածի հավանակությունը նվազում է 50%-ով:

·         10-15 տարի անց սրտի կորոնար հիվանդության ու թոքերի հիվանդությունների հավանականություն, ինչպես նաև արյան շրջանառությունը դառնում են այնպիսին, ինչպիսին չծխողների մոտ են:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook