
147 views
Խիտ երթևեկության պայմաններում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել մարդու կյանքը փրկելու համար։
«Փրկարար միջանցքը» ազատ տարածք է, որը ստեղծվում է խցանման մեջ գտնվող մեքենաների միջև՝ շտապօգնության մեքենայի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։
Կարևոր է հիշել՝ խցանման ժամանակ ցանկալի է նախապես պահպանել բավարար տարածություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ և անվտանգ ճանապարհ բացել շտապօգնության մեքենայի համար։
Ձախ և աջ գոտիների տեղաշարժի սկզբունքները
Երբ ճանապարհային պայմանները թույլ են տալիս, «Փրկարար միջանցքը» կարելի է ձևավորել հետևյալ սկզբունքով։
Երկու երթևեկելի գոտի ունեցող ճանապարհ. Ձախ գոտու մեքենաները հնարավորինս մոտենում են ձախ եզրին, իսկ աջ գոտու մեքենաները՝ աջ եզրին՝ ճանապարհի կենտրոնում ազատ անցուղի ստեղծելով։
Երեք և ավելի երթևեկելի գոտի ունեցող ճանապարհ. Ձախ ծայրամասային գոտու մեքենաները տեղաշարժվում են դեպի ձախ, իսկ մնացած բոլոր գոտիների մեքենաները՝ դեպի աջ։
Ուշադրություն. Ճանապարհը զիջելիս խուսափեք կտրուկ և վտանգավոր մանևրներից։ Մի՛ վերադարձեք նախկին դիրքին, մինչև չհամոզվեք, որ հատուկ ազդանշաններով մոտեցող բոլոր տրանսպորտային միջոցներն անցել են, և երթևեկությունը շարունակելն անվտանգ է։
Մի՛ փորձեք հետևել շտապօգնության մեքենային՝ օգտվելով նրա համար բացված անցուղուց, քանի որ դա կարող է վթարային իրավիճակ ստեղծել։
Զիջի՛ր ճանապարհը՝ փրկի՛ր կյանք
Մեր աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև ձեր գիտակցված վարքագծից։
Զիջելով ճանապարհը՝ դուք դառնում եք փրկության գործընթացի անմիջական մասնակիցը։
Նկատելով կապույտ առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով մոտեցող շտապօգնության մեքենան՝ պահպանեք հանգստություն և ապահովեք նրա անխոչընդոտ անցումը։
Հիշե՛ք՝ ձեր ժամանակին և ճիշտ արձագանքից կարող է կախված լինել մարդու կյանքը։