
766 views
Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները 2026-ի սկզբից կրճատել են առնվազն 128 536 աշխատակցի։ Այս ցուցանիշն արդեն գերազանցում է նախորդ ամբողջ տարվա արդյունքը։ 2025-ին ոլորտի 278 ընկերություններ ընդհանուր առմամբ կրճատել էին 122 606 աշխատակցի, գրում է Business Standard-ը։
Միայն սեպտեմբերի առաջին 10 օրերին աշխատանքից ազատվել է ավելի քան 6000 մարդ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում կրճատումների մասին հայտարարել է 299 տեխնոլոգիական ընկերություն։
Ամենամեծ կրճատումների թվում են Oracle-ը՝ 21 000, Amazon-ը՝ 17 267, Dell-ը՝ 11 000, Meta-ն՝ 10 400, Microsoft-ը՝ 4800 և PayPal-ը՝ 4760 աշխատակից։
Oracle-ը կրճատումների մասին հայտարարել էր դեռ հունիսին։ Դրանք ընդգրկել էին ընկերության աշխատակիցների մոտ 13%-ը։ Ընկերությունը միաժամանակ մեծացնում է ներդրումները տվյալների կենտրոնների կառուցման և արհեստական բանականության ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ըստ գնահատականների՝ աշխատակիցների թվի կրճատումը Oracle-ի համար կարող է տարեկան 8-10 մլրդ դոլար խնայել։
Amazon-ը տարվա ընթացքում արդեն հինգ անգամ հայտարարել է աշխատակիցների կրճատման մասին, իսկ Meta-ն կրճատումները իրականացրել է մի քանի փուլով։ Դրանցից ամենախոշորն ընդգրկել է մոտ 8000 աշխատակցի։
Սեպտեմբերի սկզբին Uber-ը հայտարարեց 3300 աշխատակցի կրճատման մասին։ Ընկերությունը նախատեսում է ընդհանուր առմամբ կրճատել աշխատակիցների թվի մոտ 10%-ը՝ հիմնականում վարչական հաստիքների հաշվին։
PayPal-ը կրճատումները կապում է բիզնեսի օպտիմալացման և ծախսերի նվազեցման անհրաժեշտության հետ։ Ընկերությունը մինչև տարեվերջ նախատեսում է խնայել մոտ 400 մլն դոլար, իսկ առաջիկա 2-3 տարիների ընթացքում՝ ընդհանուր 1,5 մլրդ դոլար։
Այս ֆոնին Apple-ի օգոստոսյան 200 աշխատակցի կրճատումը համեմատաբար փոքր է թվում։ Նրանց մոտ կեսն աշխատում էր Vision Pro-ի ուղղությամբ, իսկ մյուսները՝ Siri-ի և արհեստական բանականության հետ կապված ծրագրային նախագծերի վրա։
Փորձագետների գնահատմամբ՝ տեխնոլոգիական ոլորտում այս տարվա կրճատումների միայն մոտ 25-33%-ը կարելի է կապել արհեստական բանականության ներդրման հետ։ Մնացած դեպքերը տարբեր պատճառներ ունեն, այդ թվում՝ ոլորտում համավարակի տարիներին տեղի ունեցած արագ ընդլայնման և դրան հաջորդող աշխատուժի վերանայման գործընթացը։
Միաժամանակ, մասնագետները նշում են, որ կրճատված բոլոր հաստիքները վերջնականապես չեն վերանալու, դրանց մի մասը կարող է հետագայում վերականգնվել։ Նրանց գնահատմամբ՝ արհեստական բանականության ազդեցությունն աշխատաշուկայի վրա արդեն դառնում է նկատելի, հատկապես այն ոլորտներում, որտեղ աշխատանքը հնարավոր է հաջողությամբ ավտոմատացնել։