
153 views
Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը: — Ի՞նչ է ալերգիան, ե՞րբ է այն առաջանում, ալերգիկ ո՞ր հիվանդություններն են տարածված Հայաստանում: — Ալերգիան օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է արտաքին աշխարհի որեւէ ազդակի նկատմամբ: Ալեգիա կարող է առաջանալ սննդից, դեղորայքից, բույսերից, փոշուց եւ այն ամենից, ինչը մեզ շրջապատում է: Այսօր բոլոր երկրներում մարդիկ շատ են օգտագործում քիմիական բաղադրիչներով հագեցած սնունդ, ինչը նպաստում է սննդային ալերգիայի տարածվածությանը բնակչության շրջանում: Ալերգիկ հիվանդությունները բազմազան են: Հայաստանում տարածված են բոլոր այն տեսակները, որոնք կան աշխարհում. եղնջացան, պոլինոզ (ալերգիա բուսականության նկատմամբ), բրոնխիալ ասթմա, դեղորայքային ալերգիա, ալերգիկ դերմատիտներ եւ այլն: Մենք գիտենք, որ ծովափնյա քաղաքներում պոլինոզ գրեթե չի հանդիպում: Նման տարածաշրջանային առանձնահատկություններ մեր երկրում չկան: Ալերգիայի հետևանք կարող են լինել նաև ֆիզիկական գործոնները՝ շփումը մաշկի հետ, անգամ սառը ջուրը և օդը կարող են ալերգիա առաջացնել, հնարավոր է նաեւ ալերգիկ ռեակցիա ֆիզիկական լարվածության ժամանակ, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ: — Արդյո՞ք երեխաներն ավելի պաշտպանված են ալերգիաներից: — Այո, իհարկե՛, երեխաներն առավել պաշտպանված են, քանի որ նորածինները շատ դեղորայք չեն օգտագործում: Պետք է հիշել, որ ալերգիա առաջանում է այն նյութերից ու արտաքին ազդակներից, որոնց հետ մարդն ամենաշատն է շփվում: Երեխաները շատ ազդակների հետ ավելի քիչ են շփվում, քան մեծահասակները: — Որո՞նք են ալերգիայի զարգացման հիմնական պատճառները: — Հիմնական պատճառներն են՝ շատ դեղորայք օգտագործելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, փոքր տարիքից բազմաթիվ պատվաստումներ ստանալը, քիմիայի խորը թափանցումը մեր առօրյա կյանք, օդի աղտոտվածությունը: — Խոսենք ռիսկերի մասին: — Ժառանգականությունը. բերենք օրինակ՝ եթե ծնողներն ալերգիկ են, երեխայի մոտ ալերգիայի հավանականությունը 50% է: Ռիսկերի դասին է պատկանում դեղորայքի շատ օգտագործումը, արհեստական եղունգների կրումը, մազերի ներկերի օգտագործումը: Ընդհանուր առմամբ, ցանկալի է հնարավորինս նվազեցնել արհեստական միջամտությունները: — Ե՞րբ եւ ի՞նչ մեթոդներով կարելի է հայտնաբերել ալերգիան, ի՞նչ թեստեր են կիրառվում այն բացահայտելու համար: — Գոյություն ունեն լաբորատոր թեստեր և այլ հետազոտություններ, որոնց միջոցով հայտնաբերվում է հակամարմինների առկայությունը: Առավել ճշգրիտ տարբերակ է ալերգիկ փորձն իրականացնել պացիենտի մաշկի վրա սկարիֆիկացիոն մեթոդով ալերգեն կաթացնելով: Թերեւս, սա ախտորոշման հիմնական մեթոդն է: — Ո՞րն է առաջին օգնությունն ալերգիայի դեպքում: — Առաջին օգնությունը դեղորայքային է: Եթե, օրինակ, ալերգիան դրսևորվել է ցանի տեսքով, առաջին օգնության կարիք չկա: Եթե պացիենտի մոտ զարգանում է անաֆիլակտիկ շոկ, ինչը ալերգիկ ռեակցիաների ծայրահեղ դրսևորումն է, անհապաղ առաջին օգնության կարիք կա: Նման դեպքերում հիմնականում ներարկում են դեքսամիտազոնի և ադրենալինի լուծույթները: — Հնարավո՞ր է ալերգիան բուժել: — Հնարավոր է, հատկապես, երբ հայտնաբերվում է ալերգենը: — Ի՞նչ նորագույն մեթոդներ կան այսօր: — Ալերգիան բուժելու հիմնական մեթոդն է սպեցիֆիկ իմունաթերապիան: Ալերգենը հայտնաբերելու դեպքում դրանից պատրաստվում է լուծույթ, այնուհետև այն նոսրացվում է 1:10, 1:100, 1:1000 հարաբերակցությամբ (մինչեւ մեկ միլիոն հարաբերակցությամբ) և ներարկվում հիվանդին: — Հակահիստամինային դեղերը կարելի՞ է ընդունել երկարատև : — Կարելի է: Հորմոնալ դեղերից վախենալ պետք չէ: Ալերգիայի ժամանակ բժիշկները հաճախ նշանակում են ներերակային ներարկումներ, որոնք միշտ չէ, որ արդարացված են: Ալերգիան բուժելու համար պետք է այցելել ալերգոլոգին, ով կփորձի հայտնաբերել ալերգիայի պատճառն ու բուժել այն: — Իսկ մեղվի խայթոցը կարո՞ղ է ալերգիա առաջացնել: — Այո՛, մեղվի խայթոցից կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա, ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ: — Ի՞նչ կասեք բուսաբուժության մասին: — Ալերգիկ հիվանդներին բուսաբուժություն խորհուրդ չի տրվում, քանի որ նրանց մոտ ալերգիան կարող է պայմանավորված լինել բույսերով (պոլինոզ):