
25 views
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը – Տիկի՛ն Աբովյան, համաճարակային ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում, արդյոք հաղթահարե՞լ ենք համավարակը: – Համաճարակային իրավիճակն այսօր գնահատվում է կայուն: Եթե վերջին 14 օրվա տվյալները համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ապա կարող ենք ասել, որ ունենք նոր դեպքերի 70%-ով նվազում, թեստերի դրական արդյունքների մասնաբաժինը 0,8% է՝ նախորդ 2,5%-ի համեմատ, վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է՝ 0,7 է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղ են: Եվրամիության չափանիշներով գտնվում ենք կանաչ գոտում: Վաղ է խոսել համավարակի հաղթահարման մասին, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս հորդորում է բոլոր երկրներին չթուլացնել զգոնությունը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության հարուցիչը շատ արագ մուտացվում է: Այսօր մի շարք երկրներում ունենք արդեն իսկ արձանագրված՝ օմիկրոնի մուտացված նոր ձևեր: Մուտացիաների այդ երկու տեսակը դեռ ուսումնասիրության փուլում է, ու դեռ վաղ է ու դժվար է ասել, թե դրանք ի՞նչ կլինիկական ընթացք և ինչպիսի վարակելիություն կարող են ունենալ,: – Շատ երկրներ արդեն հանում են գործող սահմանափակումները, որոնք վերաբերում էին այս կամ այն երկիր մուտք գործելուն: Հայաստանն այս մասով ի՞նչ է պատրաստվում անել: – Բավականին սահմանափակումներ մեր երկրում ևս հանվել են տևական ժամանակ: Այսօր նաև նախաձեռնություն ունենք՝ սահմանի անցման կետերում արագ թեստերով թեստավորման հնարավորություն ընձեռենք երկիր մուտք գործողներին, սակայն դա դեռևս նախագծային փուլում է: Ավելի սահմանափակումների վերացման, անկեղծ ասած, այսօր չենք կարող գնալ՝ հաշվի առնելով, որ հարուցիչը դեռևս մուտացվում է, և մեր երկիր այդ մուտացիաների ներթափանցման բավականին մեծ ռիսկ կարող է լինել: Ամենօրյա վերլուծություններ իրականացվում են, իրավիճակին տիրապետում ենք, և եթե պանդեմիան իսկապես ավարտվի, մենք կնախաձեռնենք բոլոր սահմանափակումների վերացումը, բայց այսօր դեռ վաղ է հրաժարվել այդ սահմանափակումներից: – Պատվաստումը հավաստող թերթիկի ներկայացման մասին օրենքը շարունակելո՞ւ է գործել, թե՞ հնարավոր է, որ դա էլ վերացվի: – Այդ սահմանափակումը դեռևս գործում է, այսինքն՝ աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 7 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ լաբորատոր հետազոտության բացասական արդյունք, ի դեպ՝ նշեմ, որ այս կարգավորման արդյունքում բավականին ավելացավ նաև պատվաստվողների թիվը: Օմիկրոնը, որն ավելի վարակիչ էր, քան դելտան, կլինիկական ընթացքը բավականին թեթև էր ընթանում հատկապես պատվաստվածների շրջանում, ինչը վառ ապացույց է այն բանի, որ պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է այս հիվանդության դեմ պայքարում: Եթե բնակչությունը ստանա նաև բուստեր պատվաստումը, մենք կարող ենք երևի թե հաջորդ ալիքներից ևս չվախենալ: – Տիկի՛ն Աբովյան, իսկ Հայաստանում օմիկրոնի նոր մուտացիայի դեպք արձանագրվե՞լ է, որի մասին խոսվում է մի քանի երկրներում: – Նոր շտամը՝ օմիկրոնի մուտացիաներով, Հայաստանում չկա, բայց ասել ենք, որ մեր երկրում շրջանառվում է, ինչպես օմիկրոնի DA1, այնպես էլ օմիկրոնի DA2 տեսակը: Õ"Ö€Õ«Õ½Õ¿Õ«Õ¶Õ¥ Ô±Õ²Õ¡Õ¢Õ¥Õ¯ÕµÕ¡Õ¶ MediaLab.am