
545 views
Երկաթը անհրաժեշտ է արյան մեջ կարմիր գնդիկների ստեղծման համար, որոնք իրենց հերթին մատակարարում են թթվածինը ամբողջ մարմնում: Երկաթի պակասը կարող է բերել անեմիայի, որի պատճառով կարող է առաջանալ հոգնածություն, թուլություն, հեւոց, մազաթափություն: Եթե կա արյան անալիզով հաստատված երկաթի դեֆիցիտ կամ երկաթ դեֆիցիտային անեմիա, բուժումը պարտադիր դեղորայքային է: Իսկ սնունդը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկական երկաթի դեֆիցիտ, որպեսզի պահպանվի երկաթի նորմալ մակարդակը: Երկաթի բարձր պարունակությամբ մթերքներ՝ ● Լյարդ (100 գր տավարի լյարդում՝ 17.9 մգ երկաթ) ● Կարմիր միս (100 գր տավարի մսում՝ 2.6 մգ երկաթ) ● Ձկնամթերք, հատկապես ոստրե, ութոտնուկ (100 գր ոստրե՝ 7 մգ երկաթ, 100 գր իշխան՝ 0.3 մգ) ● Թռչնամիս (100 գր հավի մսում՝ 1.3 մգ երկաթ) ● Լոբազգիներ (100 գր կարմիր հատիկավոր լոբում՝ 5.1 մգ երկաթ) ● Չարազեղեն (100 գր հնդկական պոպոքում՝ 6.7 մգ երկաթ) ● Չորացրած մրգեր (100 գր ծիրանի չրում՝ 2.7 մգ երկաթ) ● Մուգ կանաչ բանջարեղեն, օր.՝ սպանախ, հազար (100 գր սպանախում՝ 2.7 մգ երկաթ) ● Սեւ դառը շոկոլադ, կակաոյի 45%-ից բարձր պարունակությամբ (30 գր սեւ շոկոլադում՝ 2 մգ երկաթ) Հարկ է նշել, որ կա երկաթի երկու հիմնական տեսակ՝ հեմային եւ ոչ հեմային: Հեմային երկաթ պարունակվում է կենդանական ծագման սննդում (մսամթերք, ձկնամթերք) եւ ավելի լավ է յուրացվում օրգանիզմում: Ոչ հեմային երկաթը պարունակվում է բուսական ծագման մթերքներում (լոբազգիներ, մուգ կանաչ բանջարեղեն եւ այլն) եւ ավելի դժվարությամբ են յուրացվում: Սրա պատճառով անհրաժեշտ է ոչ հեմային երկաթ պարունակող մթերքներ ավելի շատ օգտագործել նույն քանակի երկաթ ստանալու համար, ինչպես նաեւ ուտել վիտամին Ց պարունակող մթերքների հետ: Վերջինս նպաստում է երկաթի յուրացմանը: Լրացուցիչ ինֆորմացիա երկաթ դեֆիցատիցային անեմիայի ունեցողներին՝ - բուժման ընթացքը երկարատեւ է՝ 2-6 ամիս - բուժման ցուցիչ է՝ ֆերրիտինի ցուցանիշի նորմավորում - երկաթը լավ է ներծծում ՝ Վիտամին Ց-ի, միսի, ձկան հետ համատեղ, Վատ է ներծծվում՝ ֆիտատների, կալցիումի հետ - երկաթի պրեպարատները պետք է ընդունել կալցիում պարունակող մթերքներից, ըմպելիքներից /կաթ/կաթնամթեք/, հավելումներից, թեյից, սուրճից, ձվից, շիլաներից առանձին: ԿԱՐԵՎՈՐ՝ Երկաթի դեղամիջոցներ անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի ցուցումով: Երկաթի գերդոզավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, հատկապես երեխաների մոտ: Նյութը` ՌեԲալանս քլինիք / ReBalance clinic / Diet and Health