
73 views
Ըստ սոցիոլոգիական հետազոտությունների՝ Երևանում կանանց 7-8%-ը ծխում է, մարզերում, սակայն, ծխող կանայք ավելի քիչ են: Հայաստանում ծխող կանանց թիվը վերջին 20 տարիների ընթացքում աճել է 3 անգամ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ծխախոտն այնքան վտանգավոր է, որ հաճախ նաև կարող է մահվան պատճառ դառնալ: HayNews.am -ը ծխող և հատկապես մայրանալու շեմին կանգնած կանանց սպառնացող խնդիրների մասին զրուցել է ՎԱՊՄԳՀԻ «Արաբկիր» մասնաճյուղի ղեկավար, գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանի հետ: «Միայն իմանալով ծխախոտի բաղադրությունը կարելի է հասկանալ դրա վտանգավորության աստիճանը: Դրա բաղադրության մեջ են մտնում մոտ 4000 քիմիական նյութ, իսկ ծխախոտի ծխի մեջ՝ 5000, որից 60-ը քաղծկեղածին»,-նկատեց բժշկուհին, հավելելով, որ բոլորիս հայտնի նիկոտինը, որն ամենաուժեղ թունավոր նյութն է, որ ազդում է բոլոր օրգանների վրա ևս ծխախոտի բաղադրիչ է: Ներկայացնելով վնասակար շղթան, գինեկոլոգը նշեց. «Ծխախոտից վնասվում են մաշկը, ատամները, մազերը, թոքերը, սիրտ-անոթային, շնչառական և ռեպրոդուկտիվ համակարգերը, մեկ խոսքով ասած չկա որևէ օրգան, հյուսվածք կամ համակարգ, որ չտուժի ծխախոտից»: Վերջինիս խոսքով՝ Գերմանացի բժիշկ-գինեկոլոգ Բերնխարդը կատարել է հետազոտություն ներգրավելով մոտ 6.000 կնոջ և հաստատել, որ ծխող կանանց մոտ անպտղությունը կազմել է 42 %, ինքնաբերաբար վիժումները 96%, իսկ նրանց լույս աշխարհ բերած բալիկների 1/3 անհաս են: «Հղի կնոջ պարագայում վնասը կրկնապատկվում է վտանգի տակ է գտնվում նաև պտղի առողջությունը: Ընդ որում, նշվածը վերաբերում է նաև պասիվ ծխողներին»,-փաստեց զրուցակիցս ավելացնելով, որ այս վնասակար սովորությունից անհրաժեշտ է հրաժավել հղիություն պլանավորելուց առնվազն մեկ տարի առաջ: Գինեկոլոգը, ծխող կանանց այսչափ ավելացումը նաև ժամանակակից երևալու մոլուցքով է բացատրում: «Բայց միթե՞ արժե ինքնավստահություն խաղալով վնասել սեփական առողջությունն ու ապագա երեխայի կյանքը»,-հորդորեց մտածել Տաթևիկ Ղորուխչյանը: Եզրափակելով զրույցը, բժշկուհին համոզմունք հայտնեց, որ կնոջ առողջություն է նրա գեղեցկության, սեքսուալության և մայրանալու կարողության հիմքը, ուստի մինչ որև վնասակար սովորոթյան կամ առողջությւոնը վտանգող գործողությունից առաջ արժե նժարին դնել ամենաթանկն՝ առողջությունը: Տաթև Առաքելյան